Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չէ՛,— ասաց Շնորհքն ու փախավ եղբայրների հետ։– Հազարան բյուլբյուլը սիրտս քաշում է դեպի այս ճամփեն։

Փոքրին.

— Ինչո՞ւ ես գալիս, ի՞նչ պետք է անես... Եվ այլն։– Մեղք ես, քո բանը չէ։

Վեր կացան թագավորի որդիքը, ճանապարհ ընկան։ Գնացին, գնացին, հասան մի տեղ, որ ճանապարհը երեքի է բաժանվում, ու ճամփաբաժանում մի սիպտակամիրուք ծերունի նստած՝ ձեռքին մի կծիկ։

— Բարի օր,— ասում են,— պապի՛, այդ ի՞նչ ես անում։

Թե՝

— Գիշեր-ցերեկ եմ կծկում աստծու հրամանով, որդի՛ք, գիշերը կծկում եմ, ցերեկը պարզում։

— Հապա այս ի՞նչ ճանապարհներ են, դու կգիտենաս,— հարցրին տղերքը։

— Գիտեմ,— պատասխանեց ծերունին,— այս աջ կողմի լայն ու հարթ ճանապարհով գնացողին ոչ մի նեղություն չի պատահիլ։ Միջին ճանապարհով գնացողն էլ կարող է կամ ետ գալ կամ չէ։ Իսկ ձախ կողմի նեղ ու քարքարոտ ճանապարհը շատ վտանգավոր ճանապարհ է, լիքը փորձանքներով ու դժվարություններով, այս ճամփից մինչև օրս ետ եկող չեմ տեսել:

— Դե եկեք երեքս էլ այս լայն ճանապարհով գնանք,– ասացին մեծ ու միջնակ եղբայրները։

— Չէ՛,— հակառակեց փոքր եղբայրը, որի անունը Շնորհք էր։— Ամեն մեկս մի ճանապարհով կգնանք։ Ահա ես բռնում եմ այս նեղ ու վտանգավոր ճանապարհը,— ասավ Շնորհքն ու ճանապարհ ընկավ։

Ծերը Շնորհքի անձնվիրությունն ու համարձակությունը հավանելով օրհնում է նրան (օրհնանք ոտանավոր).

Ո՛վ սիրուն պատանի,
Դու, որ ընտրեցիր այդ դժվար ճամփեն,
Որ չի կոխել դեռ ոտքը մահկանցվի,
Որի ճամփին հրեշներ կան, սով ու անդունդներ,
Գնա՛, քեզ զորավիգ օրհնանքը ծերիս։