Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/444

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


աշխատանքներս փուշ դարձավ։ Հիմի Հազարաձայն սոխակին եմ ման գալիս, տանեմ մացառուտի մեջ բարիլուսին երգի, որ նորից ծաղկի, կանաչի ու դառնա էլ այն դրախտը։

— Դժվար բան է խնդրածդ,— պատասխանեց Զմրուտ ղուշը,— միայն քո արած լավությունը շատ է, ու ես էլ անկարելի է, որ ինձ հասած լավությունը ետ չվճարեմ, արի թևս։

Ասավ Զմրուտ ղուշն ու Շնորհքին թևն առավ, ծվաց, թռավ, ելավ երկնքի երեսը։ Գնաց, գնաց, վայր իջավ սև ծովի ափին ու ձայն տվեց.— Ձո՜ւկն ախպեր։ Ջրերն ալեկոծվեցին, ու ծովը ճոթռելով Ձուկն եկավ, թե՝ այդ ի՞նչ է, Զմրուտ քույրիկ, հափշտակե՞մ․․․

— Չէ՛, սրա լավությունը հասել է ինձ,— պատասխանեց Զմրուտ ղուշը,— սրան պետք է տանես, հանձնես Աժդըհան ու ասես, որ սա Հազարաձայն սոխակին է ման գալիս, Զմրուտ քույրիկն ուղարկել է, որ նրա տեղն ու պատմությունը սրան հայտնես։

Ձուկը բերանն առավ Շնորհքին, տարավ, հասցրեց ծովի մյուս կողմը, որտեղ նստած էր մռայլ ու խոժոռ Աժդըհան։ Աժդըհան Շնորհքին տեսավ թե չէ, աղաղակեց.— Հը՛, Ձուկն ախպեր, այդ ի՞նչ է, հափշտակե՞մ․․․

— Չէ՛,— պատասխանեց Ձուկը,— Զմրուտ քույրիկն է ուղարկել, սրա լավությունը նրան է հասել։ Սրան պետք է տանես քո սահմանն անց կացնես, Հազարաձայն սոխակի տեղն ու պատմությունն անես, որ գնա, գտնի։

Աժդըհան ուսն առավ Շնորհքին, տարավ ապահով անց կացրեց յուր տերության սահմանը, մի տեղ վայր բերեց ու այսպես արավ Հազարաձայն սոխակի տեղն ու պատմությունը.

— Այսուհետև Հազարաձայն սոխակի տիրոջ տերության սահմանն է սկսվում։ Կգնաս, առաջդ մի գետ կգա։ Հազարաձայն սոխակի տերը նրա ջուրը դարձրել է աղի-լեղի, բայց դու որ խմես, պետք է բացականչես՝ ա՜խ, ինչ անմահական ջուր է։ Գետը որ անցնես, կբացվի մի դաշտ։ Հազարան բյուլբյուլի տերը նրան լցրել է փուշով ու տատասկով։ Դու պետք է փուշը պոկես, հոտ քաշես ու ասես՝ ա՜խ, ինչ անուշ հոտ է, դրախտի ծաղիկն է իսկը։ Այդ էլ որ անցար, աչքիդ կերևա Հազարաձայն սոխակի տիրոջ ապարանքը։ Այն ժամանակ