Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է գտել Հազարան բյուլբյուլը, իսկ մենք խորտկարար ու մրգավաճառ էինք։

Լուր տվին թագավորին, թե որդիքդ Հազարան բյուլբյուլը բերում են։ Թագավորը մեծ հանդեսով եկավ որդոց առաջը, շատ ուրախացավ Հազարան բյուլբյուլի համար, բայց փոքր որդու կորուստը երբ իմացավ, սաստիկ տխրեց։ Ճշմարիտ է, որդիների մեջ ամենից անշնորհքն էր համարված նա, բայց ազնիվ սիրտ ուներ ու բնավորություն, վերջապես ծնողական սիրտը խտրություն չի դնում սիրո ու վշտի ժամանակ։ Եղբայրները ասացին, որ իրանց տերության սահմանից դուրս գնալու օրից նրանից լուր չունեն։

Բերին մեծ հանդեսով ու ծեսով Հազարան բյուլբյուլը ոսկի վանդակով կախ արին չորացած այգում, բայց ոչ թռչունը երգեց, ոչ այգին կանաչեց։ Եկան, հավաքվեցին երկրի իմաստունները, ոչինչ չհասկացան։ Այն ժամանակ կրկին երևույթք եղավ անծանոթ ծերունին, ասաց.— Այս թռչունին տեր էլ կա, մինչև տերն էլ չբերեք, սա չի երգիլ,— ասաց ու դարձյալ աներևույթացավ։

Որտեղ կլինի սրա տերը, որտեղ չի լինիլ։ Իհարկե, ով որ թռչունը բերել է, տիրոջ տեղն էլ նա կիմանա։ Հարցրին թագավորի որդիներին։ Նրանք թե՝ մի անտառում ոսկի վանդակով կախ արած էր, վեր կալանք բերինք։

Զարթնեց Հազարան բյուլբյուլի տերը, տեսավ վերմակը ետ քաշած, նայեց հայելուն, տեսավ թշին համբույրի հետքը, նայեց վանդակին, տեսավ Հազարան բյուլբյուլը չկա։

— Դռնե՛ր,— ծղրտաց,— Հազարան բյուլբյուլը տարան, ինչո՞ւ չբռնեցիք։

Դռները թե՝ աստված նրա հետ, այսքան տարի փակ էինք, բաց արավ, բաց էինք, փակեց, ինչո՞ւ բռնեինք։

— Առյո՛ւծ,— ասաց,— Հազարան բյուլբյուլը տարան, ինչո՞ւ ճամփա տվիր։

Առյուծը թե՝ օրհնվի նրա ճամփեն, այսքան տարի առաջս դու խոտ էիր ածել, միսն աչքիս առաջին դրել։ Նա միսն ինձ տվեց, խոտը վեր կալավ, ինչպե՞ս չի ճամփա տայի։

— Ղո՛չ,— ասաց,— Հազարան բյուլբյուլը տարան, ինչո՞ւ թողիր։