Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/474

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



— Այո՛, սիրուն աղջիկ, ես տարա, կուզես ես կրկին բերեմ, առանց էն էլ ես իմ նպատակին չհասա։ Թե՝ չէ, գնա, որ էդպես եկար ինձ մոտ, ես քեզ չեմ սպանիլ։ Գիտեմ դու ընչի ես եկել, առանց ինձ իմ բյուլբյուլը չի խոսալ, դու եկել ես ինձ տանելու։ Բայց դու նրանց հաղթել ես, ես քեզ կառնեմ։ Նրանք ամբողջ աշխարհքը ապականել էին, միայն իմ կախարդանքի (սեհր) երկյուղից չէին այստեղ գալիս։ Աղջիկն երկու մազ է կրակ տալիս, երկու հրեղեն ձի են հայտնվում, նստում են, գնում, սև դևի պալատի աղջիկն էլ վերցնում, գնում։

Հասնում են ալևորին։

— Բարև, պապի։

— Աստծու բարին։

— Պապի, մեզ օրհնիր։

— Այ որդի, աստված օրհնի, ես ինչ օրհնեմ։

Գնում են, հասնում են հոր քաղաքը։ Հենց որ Հազարան բյուլբյուլի տիրոջ ոտը ընկնում է թագավորի սահմանը, Հազարան բյուլբյուլը կարդում է, բաղն իսկույն կանաչում է, և իմանում են, որ տերը գալիս է։ Գալիս է։ Տեսնում են ի՜նչ սիրուն, ի՜նչ հրեղեն աղջիկ։ Նորից բոլորին հարսանիք են անում յոթն օր, յոթ դիշեր։


10. ՀԱԶԱՐԱՆ ԲԸԼԲՈԻԼ

<18> 98 թվին

(Շուլավեր, Արշակ Չոբանյան, լսել է Թիֆլիզ)

Ծերունուն ջիրիդով զարկում են։ Անիծում է, թե երբ որ չխնայեցիք ալիքներս․․․ և այլն։

Այգին չորանում է։

Թագավորը դարդից հիվանդանում է, որ իմ միակ պարծանքը չորացավ, իմ թագավորության ամենաթանկ զարդը: Թամբ շինողի մոտ․․․

Խանութը փակելուց հետո առաջը կտրեց, թե՝ օտար եմ, ուստա, այս գիշեր տեղ տուր։ Գնացին․․․

Սարքին ամեն բան. սեղան, ճրագ, մեջը ոչ ոք։

— Խոսի՛ր։