Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/548

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գեղարվեստական մշակման թումանյանական իդեալին։ Բացի նամակներում կատարած խոստովանություններից, 1910 թ. նա հարկ համարեց այդ մասին խոսել նույնիսկ հրապարակման համար նախատեսված հոդվածի մեջ՝ իր խոսքն ավարտելով այսպիսի դառը շեշտերով. «Սասունցի Դավիթը» ես շատ թեթև եմ գրել, օգտվելով [ժող<ովրդական> նյութից], երեխաների համար, մտածելով երբևէ ավելի ընդարձակ վերցնել ու մշակել, բայց չեմ անում և ձեզ կհավատացնեմ, որ երբեք էլ չեմ անիլ, որովհետև շատ է խեղդում ձեր շունչը» (ԵԺ VI, 135)։ Իհարկե, սա վրդովված պահի արված հայտարարություն էր, որ չէր կարող մարել հայ ազգային էպոսն ավելի բարձր և կատարյալ ձևով մշակելու նվիրական իղձը։ Նվարդ Թումանյանը վկայում է. «1912 թվականին, բանտից ազատվելուց հետո, մտածում էր «Սասունցի Դավիթը» նորից գրելու, մշակելու մասին։ Առաջին գրածը չէր հավանում։ Ասում էր. «Սա իմ առաջին «Անուշն» է. ինչպես «Անուշն» եմ երկրորդ անգամ մշակել, գրել, էնպես էլ «Սասունցի Դավիթը» նորից պիտի գրեմ» (Ն. Թումանյան, էջ 107)։ Համանման վկայության ենք հանդիպում նաև Ավ. Իսահակյանի հուշերում. «Ուզում էր գրել «Սասմա ծռեր»՝ ամբողջ էպոսը՝ Հոմերոսի կամ Ֆիրդուսու պես։ Նա համոզված էր իր ուժերի կարողության մեջ» (ԹԺՀ, 20)։

Իրոք, 1910-ական թվականներին նոր ուժով է արտահայտվում Թումանյանի հետաքրքրությունը հայ հերոսական վիպերգության և ընդհանրապես ժողովրդական էպոսների նկատմամբ։ Ինչպես նշվեց, այդ շրջանում են կատարվել պոեմի 1904 թ. առանձին հրատարակության ձեռագիր լրացումները։ Պատերազմի տարիներին Թումանյանը թարգմանում է սերբական հերոսական վիպերգի մի քանի գլուխ, գրում է մի շարք հոդվածներ ժոզովրդական էպոսի տարբեր կողմերի վերաբերյալ («Ազգերի պատերազմն ու իրենց դյուցազունները», «Երկու բառ հայոց էպոսից», «Մի երկու խոսք սերբ ժողովրդական էպոսի մասին», «Հսկայի ազատությունը», «Հայկական էպոսի բառարանից»):

Մեղ զբաղեցնող հարցի կապակցությամբ հատուկ հետաքրքրություն են ներկայացնում Թումանյանի պատրաստած երկու մեծ տետրերը՝ նախատեսված պոեմի նոր արմատական վերամշակման համար (Թֆ, № 1357, № 1358)։ Դրանցից մեկի մեջ, մաքուր թերթերի արանքում, մեկընդմեջ կարված են «Սասունցի Դավիթը» պոեմի էջերը՝ քաղված ԲԹ-ից, իսկ մյուսի մեջ նույն ձևով ներկայացված են Բ. Խալաթյանցի գրի առած «Սասմա փահլևաններ, կամ Թլոր Դավիթ և Մհեր» պատումի էջերը։ Կարելի է ենթադրել, որ այս անգամ Թումանյանը մտադիր է եղել նոր մշակման համար հիմք ընդունել էպոսի այդ պատումը՝ իհարկե, լայնորեն օգտվելով նաև մյուս պատումներից։ Այս առումով շատ կարևոր է էպոսի գրի առնված պատումների այն ցանկը, որ Թումանյանը տեղադրել է այդ տետրերից մեկի սկզբում։ Այդ նյութերն, անշուշտ, նա նկատի էր ունենալու էպոսի նոր մշակման ժամանակ։ Ստորև բերվում է Թումանյանի ձեռքով գրված այդ ցանկը, պահպանելով նրա գրության ձևն ու կրճատումները.