Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/578

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Այս պոեմի սյուժեն սովորական է այն երկերի համար, որոնց մեջ երգվել է այդ «հին կռիվը»։

Երիտասարդ հեղափոխականների մի խումբ, պոեմի հերոսի գլխավորությամբ, մեկնում է «այնտեղ»՝ դեպի հայրենիք (Տաճկահայաստան), օգնելու թուրքական բռնության տակ տառապող հարազատ ժողովրդին: Երիտասարդների առաջին մարտը տեղի է ունենում մի հայկական գյուղում, ուր քուրդ բեկը գյուղական քահանայից պահանջում է նրա գեղեցկուհի աղջկան։

Երիտասարդները պաշտպան են կանգնում գեղեցիկ Շողիկին: Քուրդ բեկը ընկնում է՝ գնդակից խոցված, գյուղում ահազանգ են խփում, գյուղացիներր ոտքի են կանգնում՝ որը զենքով, որը բահով ու եղանով, և վռնդում են բռնադատիչներին։ Սակայն պայքարը խիստ անհավասար էր, և թշնամու նոր հորդաների ճնշման տակ ապստամբ գյուղացիները հեղափոխականների հետ ստիպված են լինում թողնել իրենց հարազատ օջախները և նահանջել դեպի Սասուն՝ դեպի այն լեռնային անառիկ շրջանը, որը վերջին երեսուն տարիների ընթացքում դարձել էր հայության ապստամբումների և ազատագրական պայքարի հնոցը:

Հայ գրականության մեջ քիչ են այն երկերը, որոնց մեջ այնպիսի զարմանալի էպիկական պարզությամբ ու խորությամբ տրված լինեին կեղեքված հայ գյուղի ամբողջ դառը վիճակը և անհնազանդ, մշտապես գեղեցիկին ձգտող հայ ժողովրդի ոգու պայքարի ողջ վսեմությունը, ինչպես «Հին կռիվը» պոեմում։

Սակայն այստեղ մենք ուզում ենք նշել մի բան։ Պոեմի վերջին, նույնպես կորած գլխում, որը վերնագրված է «Ժողովրդի մեջ», պոեմի հերոսն անհաջող ապստամբությունից հետո կրկին լեռներից իջնում է հովիտները, որպեսզի ժողովրդին նորից պայքարի կոչի: Եվ շրջելով հայկական, քրդական ու թուրքական գյուղերը, նա, ի զարմանս իրեն, համոզվում է, որ ժողովուրդը դժբախտ է ոչ միայն ճնշված հայերի, այլն ճնշող քրդերի ու թուրքերի գյուղերում:

Եվ հերոսի հոգում կատարվում է այն հեղաշրջումը, որ խորտակում է «եբրայեցուն հելլենացուց»՝ հային քուրդից բաժանող բոլոր արհեստական միջնորմները։ Նրա առջև կանգնում է տառապող մարդը, որին և կոչում է պայքարի՝ հանուն բոլոր մարդկանց ազատագրման ու երջանկության։

Այսպիսով, բանաստեղծը ազգային ցավի ու տառապանքի բովով անցնում է դեպի համամարդկային վիշտը։

Արևելյան բռնապետությունները մի անգամ չէ, որ ձգտելով խեղդել հայ ժողովրդի ազատասիրական մղումները, նրա դեմ են հանել հարևան, նրա հետ կողք կողքի ապրող ժողովուրդների մութ, անգիտակից զանգվածներին։ Եվ պետք էր շատ պայծառ գիտակցություն և մարդկային մեծ սիրտ ունենալ, որպեսզի չմթագնվեր բանաստեղծի հայացքը, և նա ճնշողների մեջ տեսներ նույնպիսի դժբախտ մարդկանց, ինչպիսին որ ճնշվածներն են» (Вардгес Агаронян, Национальная скорбь в поэзии