Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/582

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


զոհերին օգնության հասնելու համար։ Խիզախ պատանիների՝ ողբերգական վախճանի մասին գրեցին հայկական շատ լրագրեր, այդ թվում նաև Թիֆլիսում լույս տեսնող թերթերը (տե՛ս, օրինակ, «Մշակ», 1889, № 70, «Նոր-դար», 1889, № 99), և Թումանյանը, անշուշտ, լավ ծանոթ էր այդ նյութերին[1]։

«Հին կռվի» մեջ ընդհանուր գծերով արտացոլվել է Գոլոշյանի սխրալի կյանքի ուղին, նրան բնորոշ հայրենասիրական անձնազոհության և այլասիրության գաղափարները։ Վարդան Գոլոշյանի նման՝ պոեմի հերոս Վահանն էլ հանդես է գալիս իբրև մի անձ, որը գիտակցաբար իր կյանքը նվիրաբերել է հայրենակիցների փրկության նպատակին։ Դա լավ է երևում, հատկապես, Վահանի այն նամակից, որ նա ուղարկում է իր ծնողներին՝ տնից անհետանալուց հետո (Գոլոշյանի կենսագրությունից հայտնի է, որ նա ևս մի քանի անգամ հեռացել է հայրենական տնից՝ բռնելով ազատագրական պայքարի ուղին)։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այս կերպարն ստեղծելիս Թումանյանը, բացի Գոլոշյանի սխրանքի մասին լսած ու կարդացած հայտնի տվյալներից, ներշնչանք է ստացել նաև այն նամակներից, որ թափառող հերոսը տարբեր վայրերից հղում էր հարազատներին: Նախ վերհիշենք Վահանի նամակի տողերը՝ պոեմի «Տանը» գլխի վերջում.

Ասում Է՝ իզուր էլ մի՛ փնտրեք ինձ.
Էլ մի՛ փնտրեք ինձ ու մընաք բարով...
— Դուք ինձ կյանք տըվիք, դուք ինձ մեծացրիք,
Բայց քանի այսքան ցավ կա աշխարհքում,
Իմ կյանքն իմը չի, իմ սիրտն իմը չի,
Չեմ կարող հանգիստ մընալ ձեր գըրկում։
Ցավի աշխարհքում արնոտ ու ահեղ
Ուրիշ նոր կյանք է բացվել ինձ համար.
Ուրիշ հայրեր են մընում ինձ էնտեղ,
Ուրիշ մայրեր են կանչում անդադար...
Ներեցեք, որ ձեզ թողնում եմ էդպես
Անկար, անխնդում, ծերության օրով,
ներեցե՛ք ձեր խենթ, խելագար որդուն,
Մոռացեք նըրան ու մընաք բարով...

  1. Գոլոշյանի հեղափոխական գործունեության մասին հետագայում բավական գրականություն է ստեղծվել։ Տե՛ս, մասնավորապես. Լեո, Հայ հերոսներ, Երևան, 1920, էջ 27—72, Դ. Անանուն, Վարղան Գոլոշյան և իր շրջանը, «նորք», 1924, գիրք 4, էջ 328—361 (հոդվածի շարունակությունը չի տպագրվել), Հ. Մ. ՚Պողոսյան, Ալեքսանդր Գոլոշյան, «Լրաբեր հասարակական գիտությունների», 1989, № 5, էջ 48—55 և այլն։ Թումանյանի և Գոլոշյանի կապերի մասին տե՛ս Ա. Ինճիկյան, էջ 142 — 144, 197—200։