Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/593

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Այս հատվածի 1—5 տողերն առաջին անգամ հրատարակվել են Ա. Ինճիկյանի գրքում (էջ 517)։ Տպագրվում է ինքնագրից։

3. «Է՛լ եմ ասում, ա՛յ պատանի, ետ կաց տենչից քո համառ...»:— Պոեմի հերոս Արեգի և Սինամ թագավորի խոսակցության մի հատվածն է, որը գրեթե բառացի համընկնում է Թումանյանի գրի առած պատումներից երկրորդի համապատասխան տողերին։ Սինամ թագավորի պատմությունը չափածո ձևով մշակելու միակ մեզ հասած հատվածն է։

Առաջին անգամ տպագրվել է ՈՒՀ—3, էջ 272, Թումանյանի արխիվի թղթերի մեջ պահվող ինքնագրի հիման վրա: Արտատպվում է ՈՒՀ-ից։

4. «Ամբողջ տարին տքնում, ջանում...»։— Թամբագործ վարպետի պատմությունը չափածո ձևով մշակելու միակ մեզ հասած հատվածն է։ Առաջին անգամ տպագրվել է ՈՒՀ—3, էջ 274։ Ինքնագիրը պահվում է ԹՖ, № 10 Ժէ, որտեղից և արտատպվում է։


Հեքիաթի արձակ-երգախառն շարադրանքը. «Տարբերակներ և նյութեր» բաժնում, պոեմի հիմնական բնագրի այլընթերցումներից հետո, զետեղված է հեքիաթի արձակ վերապատմությունը՝ միահյուսված չափածո հատվածների հետ։

Հեքիաթի արձակ մշակման այս փորձը Թումանյանը կատարել է 1910-ական թթ. սկզբին։ Բանաստեղծի դստեր վկայությամբ՝ այդ գործի վրա նա աշխատել է 1914 թ. ամռանը Ցագվերում, բայց անավարտ է թողել սկսված համաշխարհային պատերազմի պատճառով (տե՛ս Ն. Թումանյան, էջ 118, 189)։ Սակայն տարիներ անց՝ 1922 թ. հուլիսին Պ. Մակինցյանին հղած նամակում, Թումանյանը խոստանում էր հնարավորության դեպքում «Հազարան բըլբուլն» ավարտել «իբրև հեքիաթ, երգախառն, որ թերևս ավելի պատանիների համար լինի» (Եժ V, 470)։ Իսկ մի քանի ամիս անց մահամերձ բանաստեղծը մի զրույցի ժամանակ ասել է (1923 թ. փետրվարի 6-ին) «Երանի թե «Հազարան բըլբուլս» գոնե որպես հեքիաթ գրած լինեի, ի՜նչ լավ կլիներ» (Ն. Թումանյան, էջ 310)։

Արձակ հեքիաթի ձևին դիմելը չէր նշանակում, թե բանաստեղծը մեկընդմիշտ հրաժարվում էր իր նվիրական նպատակից՝ չափածո դրամատիկական պոեմ գրելու գաղափարից։ Սակայն տարիների ընթացքում համոզվելով, որ ինքը հնարավորություն չի ունենալու շուտով իրագործելու այդ մտահղացումը, նա որոշեց գրել «Հազարան բըլբուլը» գեթ իբրև արձակ հեքիաթ՝ հասցեագրելով այն, առաջին հերթին, պատանի ընթերցողներին։ Բանաստեղծի դուստրը այդ մասին հիշում է. «1914 թվի ամռանը Ցագվերում մտածում էր «Հազարան բըլբուլով» զբաղվել, թեև թույլ էր ու հոգնած։ Ձևի ընտրության երկընտրանքի մեջ էր, «...Էն, ինչ որ ուզում եմ գրել՝ որպես դրամատիկական պոեմ՝ ժամանակը չի. դրա համար ուրիշ օրեր են հարկավոր, ուրիշ տրամադրություն՝ հանգիստ կյանք ու հարմարություն, ուր ինձ չխանգարեն... Էդ հիմա անհնար է»։ Եվ որոշեց թողնել