Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/594

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջին ձևը՝ դրամատիկական պոեմը ու գրել արձակ երգախառն՝ պատանիների համար» (Ն. Թումանյան, էջ 189)։

Այսպիսով, Թումանյանի պատկերացմամբ՝ հեքիաթի մշակման այս տարբերակը լինելու էր միջանկյալ մի օղակ պոեմի փիլիսոփայական բարդ բովանդակության և համադրական պատկերների հասարակական ընկալման ճանապարհին։

«Հազարան բըլբուլի» արձակ մշակման այս սևագիր և անավարտ տարբերակն առաջին անգամ տպագրվել է ԵԺ 111, էջ 387—413: Ներկա հրատարակության համար ևս հիմք են ծառայել պահպանված երկու ինքնագրերը (ԳԱԹ, ԹՖ, № 10 դ), որոնք գրված են թանաքով, մեծադիր էջերի վրա։ Առաջին ինքնագիրը (35 էջ) սևագիր է, ունի բազմաթիվ ուղղումներ, ջնջումներ և հավելումներ, իսկ լուսանցքներում՝ մի շարք ծրագրային նշումներ։ Երկրորդ ինքնագիրը (6 էջ) նույն շարադրանքի ավելի մշակված տարբերակն է, որն ընդգրկում է, սակայն, սյուժեի միայն առաջին մի քանի դրվագները։ Շարադրանքի սկիզբը (մինչև «Տարակուսած միտք է անում» նախադասությունը) հրապարակվում է ըստ այդ երկրորդ ինքնագրի, իսկ շարունակությունը (սկսած «Էս միտք անելու ժամանակ» բառերից)—ըստ առաջին ինքնագրի։ Երկու բնագրերի բաժանման տեղը բնագրում ցույց է տրվում համապատասխան ծանոթագրությամբ։

Հեքիաթի արձակ-երգախառն մշակման այս փորձը նույնպես անավարտ է մնացել, այն ընդհատվում է հրեղեն թռչունի որոնման կես ճանապարհին:

Ինքնագրերի մեջ ջնջված կամ փոփոխված բառերն ու արտահայտությունները բերվում են տողատակին՝ յուրաքանչյուր էջի առանձին համարակալումով, իսկ ծրագրային նշումները՝ աստղանիշերով: Իսկ եթե ջնջված բառերը ինչ-որ կողմով լրացնում են հիմնական շարադրանքը, դրանք մեջ են բերվում բուն բնագրի մեջ՝ քառակուսի փակագծերում: Բնագիրը չծանրաբեռնելու համար՝ մի շարք կրճատված բառերի, ինչպես թ. (թագավոր), հ. բ. կամ Հազ. բլ. (Հազարան բըլբուլ), կախ. աշխ. (կախարդական աշխարհ) և այլն, լրիվ ձևերը ամենուրեք վերականգնվել են՝ առանց եռանկյունի փակագծերի։ Չեն բերվում նաև որոշ բայական բառերի նախնական ձևերը, ինչպես անցյալ ժամանակից ներկային կատարված անցումները (ուներ—ունենում է, կանչեց—կանչում է, ասավ—ասում է և այլն):

Հեքիաթի մշակման այս տարբերակը արձակ շարադրանքի մեջ ներառնում է մի շարք ոտանավոր հատվածներ, որոնք մեծ մասամբ ուղղակի քաղված են պոեմի գրված գլուխներից: Բացի տողերի բաժանված մասերից, մի քանի հատվածներ նույնպես փաստորեն ոտանավոր են, թեև արտաքուստ արձակ շարադրանքի տեսք ունեն (օրինակ՝ «Եվ քանի որ ամեն մի բան...», «Ճամփեն մին է—ցավը հազար...», «Ի՜նչ են դևեր ու հրեշներ...», «Ո՜վ հավիտյան անձնապաստան...» բառերով սկսվող հատվածները)։ Մենք ավելորդ համարեցինք այդ հատվածները բաժանել տողերի, քանի որ առանց դրա էլ ակնհայտ է այդ մասերի չաւիաբերական բնույթը: Բացի այդ, ինչպես վկայում են մի քանի անգամ լուսանցքներում կատարված միևնույն նշումները («արձակ») Թումանյանը ցանկացել է հետագա