Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/618

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընկերության հետ ծագած տարաձայնությունների պատճառով (տե՛ս ՈՒՀ—2, 311—314):

Թումանյանին հատկապես հարազատ էր Լերմոնտովի ստեղծագործության կենտրոնական և բարձրագույն երևույթներից մեկը՝ «Մծիրի» պոեմը, իր ազատասիրական հզոր պաթոսով, կովկասյան բնության շքեղ պատկերներով։ Դեռ 1890 թ. գրած և ԲՄ II ժողովածուի մեջ տեղադրված «Մերժած օրենք» պոեմն իր վրա կրում էր «Մծիրիի» անմիջական և շատ որոշակի ազդեցությունը՝ մի այլ տարբերակով կրկնելով անհատի ազատության և իրավունքների ռոմանտիկական մոտիվները։ Այդ մասին խոսվել է ժամանակի քննադատության մեջ, խոստովանել է նաև ինքը՝ Թումանյանը («Մերժած օրենքը» գրելիս ազդվել եմ Լերմոնտովից»,— 1919 թ. մի զրույցի ժամանակ ասել է նա.— Ն. Թումանյան, էջ 205)։ 1904 թ. գրած մի նամակում Թումանյանն ընդունում էր « բայրոնա-լերմոնտովյան» մոտիվների առկայությունը նաև ավելի ուշ՝ դարասկզբին գրած այնպիսի բանաստեղծություններում, ինչպես «Դու քո ճամբեն գընա, քույրիկ...», «Պանդուխտ եմ, քույրիկ...» և այլն (ԵԺ V, 273—281)։

«Մծիրիի» թարգմանությունը դարձավ Լերմոնտովի և ընդհանրապես դասական ռոմանտիկական պոեզիայի հետ Թումանյանի հոգեհարազատության ամենավառ արտահայտություններից մեկը: Թարգմանությունն սկսել է, հավանաբար, 1895 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Դսեղում (սեպտեմբերի 27-ին բանաստեղծը Փ. Վարդազարյանին գրում էր, որ Դսեղում եղած ժամանակ ոչ մի ուրիշ բանով չի կարողանում զբաղվել. «Միայն «Մծիրիի» շուրջն եմ բոլորել»— ԵԺ V, 109) և ավարտել է հաջորդ տարվա սկզբին։ Ավ. Իսահակյանը հիշում է, որ երբ 1896 թ. գարնանր ինքը և Դ. Դեմիրճյանը այցելում են ավագ ընկերոջը, «Օհանեսը կարդաց «Մծիրիի» իր նոր կատարած թարգմանությունը, որ մենք հավանեցինք, մեկ-երկու նկատողություններ անելով» (ԹԺՀ, 9)։

«Մծիրիի» թարգմանության առաջին հրատարակությունը անբարյացակամ վերաբերմունքի հանդիպեց «Մուրճ» ամսագրի էջերում։ Գրքույկը դեռ հազիվ էր լույս տևել, երբ ամսագրի 1896 թ. մայիսյան համարում տպագրվեց Հարություն Թումանյանի ծավալուն գրախոսությունը (էջ 642—652)՝ Լերմոնտովի պոեմի երկու հայերեն թարգմանությունների համեմատական գնահատականով։ Բանն այն է, որ դրանից ճիշտ մեկ տարի առաջ նույն ամսագրում (1895, № 5, 6) լույս էր տեսել «Մծիրի» պոեմի մի ուրիշ թարգմանություն, որ կատարել էր Հակոբ Տեր-Գևորգյանը։ Համեմատության ընթացքում գրախոսը գրեթե բոլոր դեպքերում նախապատվությունը տալիս էր Հ. Տեր-Գևորգյանի թարգմանությանը և փորձում էր ամեն կերպ նսեմացնել Թումանյանի կատարած գործը։ Թեև գրախոսն անում էր նաև առանձին ճիշտ դիտողություններ, բայց ամսագիրը ուրիշ նպատակներ էր հետապնդում. մի կողմից պաշտպանել ու դրվատել սեփական հրապարակումը, որն իրականում թույլ և անարտահայտիչ, բանաստեղծական ներշնչանքից զուրկ թարգմանություն էր, իսկ մյուս կողմից՝ նոր հարված հասցնել Թումանյանին, որն արդեն մի քանի տարի գժտվել ու խզել էր կապերը Ա.