Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/622

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԲՊ, էջ 335—345 (առանց հիշյալ նշումի)։ Տպագրվել է ԵԺ II, 215—223։

Հենրի Լոնգֆելլոյի «Հայավաթի երգը» պոեմի երկու գլուխների թարգմանությունը կատարվել է, հավանաբար, 1907 թ.։ Թարգմանության ինքնագիրը չի պահպանվել։

Մամուլում տպագրվելուց հետո թարգմանությունը համեմատաբար քիչ փոփոխությունների է ենթարկվել։ ԲԲ ժողովածուի մեջ այն մտավ մի քանի տողի ոչ մեծ շտկումներով և ակնհայտ վրիպակների վերացումով։ Հետագայում, թարգմանությունը պատրաստելով ԲՊ համար, Թումանյանը փոփոխություններ է մտցրել ևս հինգ տողի մեջ (տե՛ս բնագրային տարբերությունները): Հետևաբար, հեղինակի «վերջին կամքի» արտահայտությունը տվյալ դեպքում ԲՊ բնագիրն է։ Սակայն վերջինս ունի կետադրական, ուղղագրական, ինչպես նաև բնագրային մի քանի ակնհայտ աղավաղումներ։ Այսպես, 174—175 տողերը («Չոտկոսներն ու կամանչները, Շոշոններն ու սեվոտները») տպարանային սխալի պատճառով դարձել են մեկ տող («Չոտկոսներն ու սեվոտները»), իսկ 249—250 տողերը («Խաղաղության չիբուխները, Ու ապրեցեք այսուհետև») առհասարակ դուրս են ընկել։ Այդ սխալներն ուղղվել են ըստ ԲԲ բնագրի։

Թարգմանության առաջին հրապարակումն ունի հետևյալ ծանոթագրությունը, որը, անշուշտ, կազմել է Թումանյանը.

«Հ. Լոնգֆելլոն ամերիկյան նշանավոր բանաստեղծ էր։ Վախճանվել է 1882 թվին:

Նա մի ճշմարիտ իդեալիստ էր, գեղեցիկին ու վսեմին նվիրված մի քնքույշ հոգի։ Նշանավոր են նրա նեգրերի ազատության համար գրած երգերը։ Բայց «Հայավաթի երգը» պոեմը, որից տալիս ենք երկու գլուխ, նրա գլուխգործոցն է համարվում։

Պոեմի նյութը վերցրած է Հյուսիսային Ամերիկայի հնդիկների մի ավանդությունից։ Այդ ավանդությունն ասում է, թե՝ երկինքը հրաշալի ծագումով մի մարդ է ղրկել նրանց, որ սովորեցրել է վայրենի ցեղերին երկրի մշակումը և խաղաղ արվեստներ:

Նրա անունը եղել է Հայավաթա, Հայավաթա—կնշանակի մարգարե, ուսուցիչ»։

Այս ծանոթագրության մեջ հիմնական բնութագրերը գրեթե բառացի քաղված են պոեմի հերոսի մասին Հ. Լոնգֆելլոյի խոսքերից, որոնց Թումանյանը կարող էր ծանոթանալ Ն. Վ. Գերբելի «Անգլիացի բանաստեղծները կենսագրականներով և նմուշներով» ռուսերեն հայտնի ժողովածուից՝ (1875) կամ «Հայավաթի երգի»՝ Ի. Ա. Բունինի թարգմանության առաջաբանից (երկու գրքերն էլ եղել են բանաստեղծի անձնական գրադարանում):

Թումանյանի հետաքրքրությունը ամերիկյան խոշորագոլյն բանաստեղծ Հենրի Լոնգֆելլոյի (1807—1882) ստեղծագործության նկատմամբ ծագել է 1890-ական թվականներին՝ այդ և ուրիշ հրատարակությունների տպավորության տակ: Հատկապես լայն արձագանք գտավ «Հայավաթի երգի» նոր և ըստ ամենայնի կատարյալ թարգմանությունը, որը պատկանում էր Ի. Ա. Բունինի գրչին (առաջին ամբողջական հրատարակությունը՝ 1898 թ.)։ ԲԹ