Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/631

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Այս վիպերգի մեջ Թումանյանը տեսել է թուրքական բռնապետության լծից քրիստոնյա ազգերին ազատագրելու գործում Ռուսաստանի պատմական դերի հաստատումը, մի գաղափար, որը բազմիցս արծարծվել է նրա հրապարակախոսական հոդվածներում։ Սերբական էպոսին նվիրված հոդվածում նա այդ մասին գրել է. «Եվ որովհետև միանգամ ընդմիշտ թուրքի դեմ վեր էր կացել և Ռուսաստանը ու ծանր հարվածներ էր տալիս թշնամուն, դրա համար Ռուսաստանն էլ է մտել սերբական ազգային էպոսի մեջ» (ԵԺ IV, 365—366)։ Այս խոսքերից անմիջապես հետո, տողատակի ծանոթագրության մեջ նա վկայակոչում է իր նախորդ թարգմանությունը՝ մի փոքր փոխելով նրա վերնագիրը, որն, ի դեպ, ավելի լավ է համապատասխանում բնագրի և Ն. Գալկովսկու ռուսերեն թարգմանության վերնագրին (Московски дарови и турско уздарjе, Московские подарки и турецкие отдарки). «Անցյալ տարի էդ երգի թարգմանությունը տվինք՝ «Մոսկովի ցարի ընծաներն ու սուլթանի փոխընծաները»:

Այս վիպերգի մեջ արտացոլվել են XVI և հետագա դարերում մոսկովյան թագավորների և թուրք սուլթանների հարաբերությունները կապված քրիստոնեական սրբազան մասունքների փրկության հետ (տե՛ս Эпос сербского народа. Издание подготовил И. Н. Голенищев-Кутузов, М. 1963, с. 340—341)։ Այս երկի գրավչությունը Թումանյանի համար, անշուշտ, մեծանում էր նաև նրանով, որ նրա մեջ հանդես եկող քրիստոնյա պատրիարքի՝ այդ «արդար ծերունու» կերպարը իր մարդասիրությամբ և անձնազոհությամբ շատ էր հիշեցնում «Աղավնու վանքի» ծերուկ հայր Օհանին:


ՄԱՐԿՈՆ ՌԱՄԱԶԱՆԻՆ ԳԻՆԻ է ԽՄՈՒՄ

(Էջ 184, 513)

Առաջին անգամ՝ Հր, 1916, 10 հուլիսի, № 152, էջ 2, «Սերբական ազգային ժողովրդական էպոսից» նշումով, այնուհետև՝ ԲՊ, էջ 331—334։ Զետեղվել է ԵԺ II, 248—250։ Ինքնագիրր չի պահպանվել։

Հր և ԲՊ հրապարակումների վերջում նշվում է թարգմանության վայրը՝ Բորժոմ, ուր 1916թ. ամռանը հանգստացել է Թումանյանը և այնտեղ էլ թարգմանել այս և հաջորդ երկու վիպերգերը։

Այս վիպերգի թարգմանության հետ միասին օրաթերթի նույն համարում, իբրև նախաբան, տպագրվել է «Մի երկու խոսք սերբ ժողովրդական էպոսի մասին» հոդվածը, որի վերջում նշվում է. «Ներքև տալիս ենք Մարկոյի երգերից մինը, որ թարգմանել ենք ռուսերեն վերջին հրատարակությունից» (Հր, 1916, № 152)։ «Վերջին հրատարակություն» ասելով Թումանյանը նկատի ունի արդեն հիշատակված գիրքը (Сербский эпос, М., 1916), որտեղից թարգմանվել են Մարկոյին վերաբերող երեք վիպերգերը: