Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Էդ ինչ տղերք են՝ գունա՜տ, անծանոթ…
Երնեկ իմանամ՝ էդ ինչ եք ուզում,
Էդ ի՞նչ եք էդքան խոսո՜ւմ ու խոսում…
— Պանդուխտ են, մայրի՛կ, ընկեր տըղերք են,
90 Քըշված, հալածված, ընկած դես ու դեն.
Տուն ու տեղ չունեն, ինձ մոտ են գալիս,
Զըրույց ենք անում, իրար սիրտ տալիս…
— Իմ անբախտ զավակ, մանկուց վըշտակոխ.
Ընկերներդ էդպես հալածված, անհող,
Սիրածըդ հեռու, գերության միջում…
Խոսում է մայրը, խոսում, հառաչում,
Ու դուրս է գընում կըրկին շըվարած…
Ամեն տեղ քընած, ամենքը լըռած…
Մենակ՝ մընում է իր անհոգ մարդուն,
100 Չի գալիս նա էլ, դեռ չի գալիս տուն.
Իր պեսների հետ էլի՛ էն անտեր
Գինետանն ընկած ու խոսում է դեռ…

IV

(Գինետանը)

Կըտրել է վաղուց ամեն ձեն ու ձուն։
Գիշերվան կես է։ Հոգնած ու անքուն,
Գըլուխը գինոտ դազգահին դըրած՝
Գինետան տերն էլ քուն մըտավ թըմրած։
Կեղտոտ լամպարի աղոտ լուսի տակ,
Մեջտեղը մի գավ, աղքատ ու անկարգ
Սեղանի շուրջը, իրենց անկյունում,
110 Երեք ծերունի զըրույց են անում։
— Ցավ-կըրակ դառավ էս լակոտն, ախպե՛ր,
Էլ բան չի ասվում, հետը չի խոսվում,
Ուշքըն ու միտքը միշտ հեռու տեղեր՝
Չես էլ հասկանում, թե ինչ է ուզում…
Հավան չի կենում աշխարհքի կարգին.
Ասում է՝ մարդիկ բըռնության տակին…