Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է




Միտս էլ չի գալիս՝ ինչպես է ասում,
Խըրթին, գըրաբառ բաներ է խոսում,—
Էս մեկն՝ էսպես է, էն մեկելն՝ էնպես…
120 Երկուսից մինը— կամ նըրանք, կամ ես…
Սո՛ւս կաց, ասում եմ, էդ ի՞նչ ես անում…
Թե՝ դու հին մարդ ես, դու չես հասկանում…
— Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛.
Ա՛յ քեզ նոր տըղա՛…
Դե բաժակըդ բե՛ր,
Մարտիրոս ախպեր,
Բեր մի-մի բերան
Կյանք խընդրենք դըրան։
Էդ, ինչ որ դու ես խաբարը տալիս,
130 Մի ուրիշ տեսակ բան է դուրս գալիս…
Բարի հիշատակ լինի քեզ համար,
Տունըդ շեն պահի ու ծուխըդ վարար։
Ածում են կոնծում ընկեր ծերերը,
Բայց նոր է բացվել պատմության ծերը։

— Հա՛, ախպե՛ր, ուրիշ բան է դուրս գալիս.
Ես էլ հենց էդ եմ գըլխիս վայ տալիս,
Թե սըրա վերջը ուր պիտի գընա.
Տանից ու բանից եղած ավարա,
Աշխարհքի դարդը շալակն է առել՝
140 Ամենքի համար դարդաքաշ դառել…
Ընկեր թե օտար, ծանոթ, անծանոթ–
Ով վեր է կենում— վազում է իր մոտ.
― Վահա՛ն, ի՞նչ անենք… Վահա՛ն, ո՞նց կենանք…
Վահա՛ն, ի՞նչ կասես… Վահա՛ն, ե՞րբ գընանք…
Գըլխի՞ եք ընկնում՝ «էնտե՜ղ» են գընում…
«Էնտեղ» հո գիտե՜ք, լավ եք իմանում…
— «Էնտե՜ղ», օ՜ֆ, «էնտե՜ղ»—
Կըրակ է անթեղ…
Դե բաժակըդ բե՛ր,
150 Մարտիրոս ախպեր,
Արի՛, մի սըրտանց