Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Նըստած է մայրը իր դատարկ շեմքին։
  Կատուն է կողքին մըռռում միալար.
Փոքրիկ Սերիկն էլ, կուչ եկած իր մոտ,
Էնպես միամի՜տ, տխո՜ւր, դալկահար
Պռըշկել է մոր դեմքին արցունքոտ։
  Նայում է մայրը, նայում է հեռուն,
Էն անհայտ հեռուն, ահավո՜ր, անվե՜րջ,
Ուր գընաց իրեն զավակը սիրուն,
290 Գընաց «նրանց» մոտ, արյան ծովի մեջ…
— Ո՜վ քաղցրահայաց սուրբ Աստվածածին,
Ո՜վ արագահաս զինվոր սուրբ Սարգիս,
Դուք օգնեք խեղճին, հասնեք նեղվածին,
Դուք տաք հովություն արար աշխարհքիս.
Հարեհաս լինեք «նրանց», ամենքին,
Ամենքի հետ էլ իմ ճար ու մեկին…
Աղոթք է անում իր մեկի համար,
Աշխարհքի համար, ամենքի համար,
Մինչև թըռչում է ճաճանչը ետին,
300 Մինչև որ մութը առնում է գետին…

VIII

Մըթնեց։ Կըտրել է ամեն ձեն ու ձուն։
Գիշերվան կես է, խաղաղ լըռություն։
Հին գինետանը, իրենց անկյունում,
Երեք ծերունի զըրույց են անում։
— Ի՞նչ ես միտք անում, Մարտիրոս ախպեր.
Լա՜վ կըլնի վերջը… բաժակըդ մի բե՜ր…
Բե՛ր մի-մի բերան
Կյանք խընդրենք նըրան…
Տեր աստված բարի ճամփա տա իրեն,
310 Նըրա բաց աչքը լինի միշտ վըրեն…
Վատ բանի համար հո չի գընացել…
Ի՜նչ ես մոլորված նըստած մընացել,
Բաժակդ էլ լիքը առաջիդ է դեռ…
Վերցըրո՜ւ, խըմի՜ր, Մարտիրո՛ս ախպեր…