Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



— Քընի՛ր, բալա՛ս, Որբն[1] է մենակ
Իր Սըհակին որոնում,
Է՜, քեզ նըման, մի ժամանակ
Նա էլ աղջիկ է լինում,
Հավանում է չար տաճիկը,
Գալիս եղբորն ըսպանում,
Ճարը հատած հեգ աղջիկը
Աստծուն աղոթք է անում.
150 — Ո՜վ տեր աստված, թևեր տուր ինձ,
Թեթև թևեր թռչունի,
Թըռչե՜մ, կորչեմ էս աշխարհքից,
Անգութ ձեռից դուշմանի…
Էն օրվանից ման է գալի
Թևեր առած, անդադար,
Կանչո՜ւմ, կանչո՜ւմ, ձեն է տալի
Իր Սըհակին ջըրատար…
Քնի՛ր, բալա՛ս, աստված դեռ կա,
Աղոթք ասա մըտքիդ մեջ,
160 Հիմի շուտով լիսն էլ կըգա,
Էս գիշերն էլ ունի վերջ…

— Թրը՛խկ… թրը՛խկ…
             — Ո՞վ է ծեծում
Կես գիշերին դուռն էդպես…
— Թրը՛խկ, թրը՛խկ…
             ― Հե՜յ, չե՞ս լըսում,
Վեր կաց, տերտե՛ր, ներս թող մեզ…

Ու անլեզու քըրդի նըման
Սարսափն հանկարծ ընկավ տուն,
170 Տեղի տակին կըծիկ եկան
Մանուկները դեռ անքուն։
Մարեց մայրը լեղապատառ,
Աղջիկն հանգավ մոր գըրկում,

  1. Թռչունի անուն է։