Այս տարի խեղճ մարդու հացը պակսեց դեռ ձմեռվա կիսին։ Անդրին յուր հարևաններից փոխ առնելով, հարուստներին մուրհակ տալով յոլա գնաց, մինչև գարունը հասավ կամ, ավելի ճիշտ, մինչև այն օրը, երբ էլ ոչ ոքից հույս չուներ փոխ առնելու. շատերը չունեին, ոմանք վախենում էին իրանցն էլ հատնի, ոմանք էլ նրա թախանձանքին պատասխանում էին. «Ինչ որ տվել ենք՝ դեռ գնա էն բեր․․․»։ Մի խոսքով՝ սովի ահարկու պոզերն արդեն երևում էին դատարկված հորերից։
Եվ ահա գարունը նոր բացված՝ Անդրին յուր Ղռաթի հետ (այսպես էր անվանում ձիուն) ճանապարհ ընկավ դեպի Շորագյալ կամ, ինչպես իրանք են ասում, դեպի «վերև»։
Շատակեր Շարայի շատաբեր գավառը մոտիկ լեռնաբնակ հայերի միակ ապավենն է հացապակաս ժամանակներում։ Լոռին, իբրև լեռնային երկիր, հաճախակի երկարատև անձրևներով հացը կտրում է, և գյուղացիք, Անդրու նման, ձին փալանում են գնում Շորագյալ։
Անդրին մտազբաղ հետևում էր իր ձիուն և ինքնիրան մտմտում.
«Կերթամ Շորագյալ, թո՜ւշ իմ ծանոթ Ղադաքոնց Մկոյի տունը․․․ ինձ, որ տեսնի, շատ կուրախանա՝ «բարո՜վ, բարո՜վ, քավոր Անդրի․․․ ո՞ւր ես, ծո մարդ․․․ իմա՞լ ես, ծո՛․․․ մանչերդ իմա՞լ են․․․», խուրջինիցս էլ էն մի քանի դաստա «ղարա» թութունը որ հանեմ, ավելի կուրախանա․․․ իրիկնահացիցը եդը օդի տախտի վրա թինկը կտանք ու չիբուխ քաշելով զրից կանենք․․․ Կասեմ, որ մեր կողմերը հացի պակասություն ենք քաշում․․․ ամա նա ինքը կիմանա թե ընչի եմ գնացել. առաջին անգամը խո չի․․․ով գիտի ինձ չթողնի էլ, թե բերանս բաց անեմ, «ինչքան որ կարաս ձիուդ բարձիր, Անդրի ախպեր, տար կեր, քեփ արա»։
― Վա՜յ, ես քեզ մատաղ, Մկո ջան․․․― հանկարծ զգացված Մկոյի ասելիք խոսքերից, լսելի ձայնով բացականչեց գյուղացին և քայլերը արագացրեց. ձայն տվեց և ձիուն, նրան էլ շտապեցրեց։
― Բաս ես ո՞նց դուրս գամ քու պարտքի տակիցը, Մկո ախպեր ջան,― շարունակեց նա,― էլ ի՞նչ ասեմ, ասելն ավելորդ
8