— Վախիլ մի՛ք, վախիլ մի՛ք, գալիս ենք, հե՜յ․․․
Ու պարզ լսում ենք, ոնց են իրար ձեն տալիս շտապեցնում, ոնց են շներին կանչում։
— Թոբլան, հե՜յ, Ղայթար, հե՜յ, Չամբար, հե՜յ, Չալակ, հե՜յ․․․
Շների կլանչոցը վեր էլավ ու մտավ ձորը։
Էստեղ երեխեն նորից սկսեց հեկեկալ ու լաց ըլիլ։
— Վախիլ մի՛, Ստեփան ջան, վախիլ մի՛, հրես կգան։
— Տղե՛ք, էս մեր Շամրին Թոբլան անունով մի գելխեղդ շուն ուներ։ Մին էլ տեսա էս շան ձենը մոտիկ ծմակում զրնգաց։ Սրա ետևից մնացած շները, շների ետևից կրնկակոխ չոբանները։ Չոբանների ղչըրղուն ու շների հաչոցը ծմակը դրմբացնում է։ Մին էլ Ստեփանս թե՝ «Ապի, գելերը փախչում են»։
Ասավ, ու ուրախությունը խառնվեց սարսափին, սկսեց աղաղակել ու առաջն ընկած փետի կտոր, քար, հող շպրտել գելերի ետևից։
Էլ գելն ո՞վ կտա։ Ծմակի մթնումը կորան, գնացին։
Տղեքն եկան։
— Ա՛յ տղա, էս ի՞նչ բան էր։
— Բանն էլ որն է, ձեր տունը չքանդվի, հապա էսպես, էսպես․․․
Էստեղից վեր կացանք գնացինք չոբանների մոտ, մինչև լուսացավ, առավոտը խմբով եկանք տուն։
Էս բանն, ախպեր, իմ գլուխն եկավ։ Կրակը մեզ ազատեց,— վերջացրեց խոսքը քեռի Անդրիասը։
— Ուստա Սարգիս, հիմի քո պատմությունն արա,— էս ու էն կողմից ձեն տվին գյուղացիք,— Շորագյալից գալիս ոնց էլա՞վ։
— Էլ ի՞նչ ասեմ, դե գիտեք էլի,— պատասխանեց ուստա Սարգիսը։
— Մենք գիտենք, ամա աղեն գիտի ոչ։
— Պա՛տմի, ուստա Սարգիս, պա՛տմի լսենք, տեսնենք