Ասի՝ գելեր են։ Գիլի բոլուկի (ոհմակի) բերան ենք ընկել, պատրաստվեցեք։ Ես լսել եմ, որ զուռնի ձենին գելը — էլ վախենում է, թե ինչ, մոտ չի գալի։ Զուռնա-դհոլը սարքեցե՛ք։ Էս խոսքումն ենք, տեսնենք ճրագները մոտենում են, մթնումը, ձնոտ դաշտումը, դեսուդեն վազում են, ցրվում են, ուզում են մեզ շրջապատեն։ Էնքա՜ն են, էնքան են, որ է՛լ հաշիվ չկա։
Ես ու Ակոփը զուռնեն զլեցինք, էս Դավիթն էլ դհոլը՝ դը՛մբ հա դը՛մբ, կեսգիշերին էս վերանա դաշտումը ածում ե՜նք։ Զուռնա–դհոլի ձենը վեր ելավ թե չէ՝ էս գելերս, ոնց որ տեղնուտեղը մեխես, մնացին իրենց տեղերը մեխված։
Մին էլ ոռնոց վեր քաշեցին, տեր աստված, ի՜նչ ոռնոց։ Զուռնի հետ ձեն ձենի են տվել, ոռնում են։
— Վայ ծիծա՜ղ,— էս ու էն կողմից բացականչեցին գյուղացիք։– Ուստա Սարգիս, լավ է՝ ծիծաղներդ գալիս չէր։
— Այ տղա, ի՞նչ ծիծաղ կգար, սիրտներս սևացել էր․ դանակ տայիր՝ արյուն չէր կաթիլ։
— Ետո՞, ետո՞․․․
— Ետո մենք ճամփա ընկանք, սրանք էլ մեզ հետ։ Մենք ածելով գալիս ենք, սրանք էլ չորս կողմներս կտրած հեռու մթնումը ցինգիր-ցինգիր անելով գալիս են։ Կարծես պար են գալիս։ Գլուխներդ ինչ ցավեցնեմ. էսպես գնալով գիշերվա մի ժամանակը առաջներս մի շան հաչոցի ձեն լսեցինք հեռու։ Էս հաչոցի վրա մի քանի շներ սկսեցին հաչել ու ոռնալ, ու մին էլ տեսնենք մոտիկ գեղի ճրագները դուռը դուրս եկան։ Մարդկանց ձեները հասնում է մեզ։
Ուրախությունից զուռնա-դհոլի ձենն ավելի զլեցինք։
Քանի գեղին մոտենում ենք, գելերը ետ են ընկնում։ Վերջապես հասանք գեղին, սրանք ետ դառան, կորան։
Գեղացիք ճրագներով, աղմուկով առաջ եկան մնացին զարմացած։ Տեսնում են՝ երկու զուռնաչի ու մի դհոլչի ածելով գալիս են ու հետները հարսանքավոր չկա։
— Այ ուստեք, բա հարսանքավորնե՞րը որտեղ են։
Ասում ենք հարսանքավորները– ետ դառան գնացին։ Չուզեցին ձեր գեղը մտնեն։
— Էդ ո՞վ էին որ․․․