Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարգին կերակուր էր ուտում։ Տխուր վեր ընկած դարդ էր անում ու ոռնում։ Իհարկե, հետզհետե մոռացավ ու էլ ետ աշխուժացավ։ Մեծացավ, ու, ասում է, մեզ հետ էնքան էր կապվել, որ որտեղ նստում էինք, միշտ կողքներիս վեր էր ընկնում և ուրիշներին չէր թողնում, որ մեզ մոտենան։ Ասում է՝ վախեցինք մարդու վնաս տա, շղթայով կապեցինք, իսկ մի քանի ժամանակից ետը մի շրջիկ գազանանոցի վրա ծածեցինք։ Անցավ դրանից մի տարի ու կես, թե երկու տարի, լավ չի միտս, էդ գազանանոցին պատահեցի մի քաղաքում։ Հետաքրքրվեցի, ներս մտա, ասի տեսնեմ իմ գելը կենդանի է, թե չէ։ Ներս մտա հարցրի։ Դու մի ասիլ գելը մոտիկ վանդակում պառկած է եղել։ Ձենս իմացավ թե չէ՝ վեր թռավ, ճանաչեց, ուրախացավ, ու ի՜նչ էր անում, ի՜նչ էր անում, չեք կարող երևակայել։ Աշխատում էր ինձ մոտենալ, պոչը շարժելով, ծմըրալով դեսուդեն էր ընկնում վանդակում։ Ինձ էլ թվաց, թե մի մոտիկ, հարազատ արարածի հանդիպեցի և դուրս գալիս մի տեսակ ցավ զգացի։

Ինչ կասեք սրան։ Ահա պատահած դեպքը։ Եվ ճշմարիտ է ասում քեռի Անդրիասը․ գելն էլ շան պես մի արարած է, միայն վայրենի, հալածված ու սոված։

Արդեն գիշերվա կեսն էր, որ մեր զրույցը վերջացրինք։ Շները դուրսը հաչում ու երկար ու ձիգ ոռնում էին։

— Անտերը գեղի վրա պտիտ է գալիս․ հեռանում չի։ Հանգստանալու չի, մինչև էս գիշեր մի վնաս չտա։ Տղե՛ք, զգույշ կացեք, ապրանք չտաք ռեխը,— ասավ քեռի Անդրիասը գյուղացիներին, որ բարի գիշեր ասելով իրար ետևից դուրս էին գնում մեր օթախից։ Դուրսը նրանցից մինը երկար ու զիլ հե՜յ-հե՜յ աղաղակեց, ու գյուղի շները հեռու թաղերից սկսած ավելի կատաղի սկսեցին հաչել ու ոռնալ խմբովին։

Սոված գելը պտտվում էր գյուղի չորս կողմը։