Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՇՈՒՆԸ
ՄԻ ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Լավ չեմ հիշում՝ երկրորդ, թե երրորդ դասարանի աշակերտ էի։ Մի ուսումնական ծանոթ ունեինք․ օտար մարդ էր, մե-մեն մեր տունն էր գալիս, մերոնց հետ զրույց էր անում։

Էդ ժամանակները մի էսպես դեպք պատահեց։ Մեր հարևան հովիվը մեռավ։ Նա երեք շուն ուներ։ Էս երեք շունը իրենց տիրոջ մեռնելուց մի քանի օր առաջ անդադար ոռնում էին էնքան ողբալի ու չարագուշակ, որ ահ ու սարսափ էին գցել ամենքի սիրտը։

— Չո՜ռ, չո՜ռ, ձեր գլուխն ուտեք, քա՞նի ոռնաք,— կանչում էր երիտասարդ հովվի մերն ու փետով զարկում շներին։ Շները կլանչկլանչելով էս կողմ, էն կողմ էին փախչում ու մի քանի րոպեից հետո նորից սկսում ոռնալ։ Հովիվը մեռավ թե չէ՝ բոլոր հարևանները բացականչեցին․

— Ա՛յ, ընչի համար էին շները ոռնում․․․

Սրանից հետո մի անգամ էլ, երբ մեր ուսումնական ծանոթն եկել էր զրույց անելու, մերոնք էս դեպքը պատմեցին ու խոսքն ընկավ շան վրա։

— Օ՜, չգիտեք թե ինչ տեսակ կենդանի է շունը,— լուրջ ու խորհրդավոր խոսեց նա։

— Շունը իմաստուն կենդանի է,— նույն լրջությամբ վրա բերեց հերս։

— Այո՛, շունը իմաստուն կենդանի է, լավ է նկատել ժողովուրդը,– ասավ մեր ծանոթն ու ավելացրեց․

— Մարդկային կյանքի զարգացումը շան վրա է հիմնած։ Մենք դեռ լավ չգիտենք, թե ինչ կենդանի է շունը, դեռ լավ չի ուսումնասիրված շունը․․․

133