«Ո՞ր կողմը գնամ,- մտածում էր նա,- ո՞ւր տանեմ կինս, երեխաներս․․․»։
«Վերադառնա՞մ․․․- մտածում էր լոռեցին,- բայց ի՞նչ ասեմ կնոջս․․․ բայց երեխաներս քաղցած առաջս կվազեն․․․»։
- Քա՛, մթնում ա,- մի քանի անգամ արդեն Նազլուն ետևից մարդուն կանչել էր կիսաձայն։ Նա հիշեցնում էր, որ ժամանակն է ճանապարհ ընկնելու։
Բայց մարդը ամաչում էր ետ մտիկ տալ, կնոջ երեսին նայել։ «Ինչ պատասխան տամ սրան․․․ որ կողմը գնամ»,- մտածում էր նա։
Եվ երկու գյուղացիները Զամանլվի հովիտում նստած մտածում էին։
- Գիտե՞ս ինչ կա, Գոքոր,- հանկարծ գլուխը վեր քաշելով խոսաց լոռեցին։
- Ինչ կա։
- Մեր գեղումը մի հարուստ մարդ կա. Եգոր աղա են ասում, մի կատաղած շան տղա. էս րոպեին էլ ամբարներն ու հորերեը լիքը հաց ունի։ Ով որ նաղդ փողա տալիս՝ թաղարը երեսուն մանեթով հաց ա տալիս, ով որ չէ՝ թամասուկ ա տալիս թաղարին քառասուն մանեթ, մանեթին էլ ամիսը տաս շահի կամ երեք աբասի շահ։
- Պա՛հ, անիսափ մարդ,- բացականչեց կռոն,- նրանից ո՞վ կվերցնի։
- Տո՛ ես վերցնում էի, չտվեց,- շարունակեց Անդրին,- հմի գիտես ի՞նչ կա։
- Ինչ կա։
- Դու ղոչաղ մարդ ես, թե չէ․․․
- Ինչ ասեմ, ախպեր․․․- և շվարած շիրակեցին չգիտեր ինչ պատասխան տա։
- Գիտե՞ս ինչ կա,- խոսքը փոխեց Անդրին, տեսնելով, որ դժվարության մեջ է դրել խոսակցին։
- Ի՞նչ կա։
- Աստոծ վեր կունի՞, որ մի մարդի ամբարը լիքը հաց ըլի, ու նրա հարևանը սովից մեռնի՞։
- Իսկի մարդն էլ չի էդ բանին հավանիլ,- համաձայնեց Գոքորը,- էդ անօրենություն ա։
12