երկրագործությամբ, զանազան արհեստներով ու արվեստներով, սկսեց իր շուրջը դիտել, ուսումնասիրել, զարգանալ ու բարձրանալ, ստեղծել գիտություններ ու գրականություններ։
Մին էլ ետ նայեց, տեսավ՝ վաղուց էր մարդակերության սովորությունը վերացել, էն օրվանից, ինչ օրվանից շան օգնությամբ հոտ էր կազմել ու ստեղծել պատրաստի ապրուստ։
Թե շունն է մարդակերության վերանալու և մարդկային կյանքի զարգացման գլխավոր պատճառը՝ դրա համար էսօր էլ աշխարհքը լիքն է ապացույցներով։ Արևելքն է շան հայրենիքը, արևելքն էլ համարվում է մարդկային ցեղի լուսավորության, քաղաքակրթության հայրենիքը։ Եվ արևելքն էլ նրա համար է համարվում լուսավորության ու քաղաքակրթության հայրենիք, որովհետև արևելքի ազգերը անհիշելի ժամանակներից ի վեր շուն են ունեցել, հոտ ու նախիր են կազմել, պարապել են խաշնարածությունով, երկրագործությունով ու արհեստներով ու զարգացել։ Եվ հետք ու հիշատակություն չկա, թե արևելքի խաշնարած ժողովուրդների մեջ երբևիցե եղած լինի մարդակերության սովորությունը։ Էսպես էլ բոլոր էն երկիրներում, որտեղ շունը վաղ է մարդուն ընկերացել, ինչքան էլ թեկուզ աղքատ ու անբերրի երկիրներ լինեն— էն բոլոր տեղերը մարդակերություն չկա։ Իսկ, ընդհակառակը, էն երկիրներում, որտեղ շուն չկա, ինչքան էլ թեկուզ լիքն ու բարելի երկիրներ լինեն, էն երկիրներում մինչև էսօր էլ շարունակվում է մարդակերությունը։ Օրինակ՝ հյուսիսային մշտական ձյունի ու սառնամանիքի մեջ ապրող լոպարները (լապլանդացիք), օստյակներն ու սամոյեդները[1] չգիտեին, թե ինչ բան է մարդակերությունը, որովհետև շուն
- ↑ Սամոյեդները իրենց անվանում են Խազ-օվո կամ Խաս-օվո, որ կնշանակի միայն ինքը կամ ինքը մենակ։ Ռուսները էս բառը թարգմանել են самодин կամ само-един և ժամանակի ընթացքում աղավաղելով շինել են самоед, որ կնշանակի ինքնակեր և տեղիք են ավել էն տարածված սխալ կարծիքին, թե նրանք իրենք իրենց ուտում են կամ իբրև թե մարդակեր են։ Ճիշտ էնպես, ինչպես որ չինական սմովար բառը շինել են самовар, մենք էլ թարգմանել ենք ինքնաեռ: Հ.Թ.