են ունեցել, եղջերուների հոտեր են կազմել ու միշտ պատրաստի ապրուստ են ունեցել։ Իսկ միջօրեականի կլիմայի տակ գտնվող Բորնեոյի, Ցելեբեսի ու Տիմորի կղզիների նման տաք ու բարելի երկիրներում, որտեղ շուն չի եղել ու չկա, մնացել են մարդակեր։
Գիտությունը մինչև էսօր դեռ չի կարողացել հաստատ որոշի և շան ծագումը։ Ոմանք ասում են տանու շունը առաջ է եկել մի վայրենի տեսակից, որ այժմ անհետացած է, ոմանք ասում են գիլից է առաջ եկել, ոմանք ասում են շնագիլից (չախկալից), ոմանք էլ աղվեսից։ Գիտնականներ էլ կան, որ ասում են և՛ գիլից է առաջ եկել, և՛ շնագիլից, և՛ մարդագիլից, և՛ աղվեսից, դրա համար էլ շուն կա, որ գիլի է նման, շուն կա՝ շնագիլի, շուն կա՝ մարդագիլի, շուն կա՝ աղվեսի, և հասցնում են մինչև սկզբնական յոթը տեսակի, որոնք էլ շան անունով ընդհանրապես կոչվում են շան ցեղ։
Ասում են էդ յոթը տեսակից էլ հետո տարբեր կլիմաների, տարբեր կուլտուրաների ու խառնուրդների ազդեցության տակ առաջ են եկել եղած բազմազան տեսակները, որ հասնում են մինչև իննսունի և ցրված են ամբողջ աշխարհքում, բացի մեծ Անտիլյան կղզիներից (Կուբա, Հայիթի կամ Ս. Դոմինո, Յամայկա, Պորտո-Ռիկո և այլն), Մադագասկարից, Նոր Զելանդիայից, Բորնեոյից, Ցելեբեսից, Տիմորից և Ավստրալիայից։ Ճշմարիտ է, Ավստրալիայում մի տեսակ շուն կա, որ կոչվում է դինգո, բայց էն էլ տանու չի, վայրենի է։
Ինչպես աշխարհագրական ու կլիմայական, էնպես էլ կուլտուրական պայմանները, մարդու պարապմունքն ու ապրելու եղանակը ահագին ազդեցություն են արել շան թե՛ ֆիզիկական կազմվածքի, թե՛ մտավոր ընդունակությունների ու բնավորության վրա։ Ժողովրդական առածն ասում է՝ ապրանքը եթե տիրոջը չգցի, այսինքն՝ տիրոջ նման չլինի, գողանովի է։ Եթե էսպես է, ապրանքը տիրոջ նման է լինում, որովհետև նրա հետ ու նրա մոտ է լինում և ամեն կերպ ազդվում է նրանից, էն ժամանակ շունը հո էն ապրանքն է, որ բոլոր ապրանքներից ամենից շատ է լինում իր տիրոջ հետ ու մոտ։ Եվ որովհետև ապրանքներից կամ անասուններից
138