Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճահճի ափին, ճիշտ էն տեղը, որտեղից Այաքսը թռել էր։

Ասի՝ ավելի լավ է՝ ձիս չափ գցեմ ու էնպես թռցնեմ ճահճի վրից։ Նա սովորաբար հեշտությամբ թռչում էր քսան քայլ լայնությամբ արգելքների վրից, իսկ ճահճի լայնքը, աչքի չափով, 20 քայլից ավելի չէր թվում ինձ։

Մի քիչ ետ գնացի, Այաքսի վիզը շոյեցի, մին էլ ասպանդակեցի, ու նորից մենք ճախրեցինք օդի մեջ։

Սակայն ճահիճը քսան քայլից լայն դուրս եկավ, ու ափից մի քանի քայլ հեռու՝ երկուսս էլ ընկանք ցեխի մեշ։ Ես զգում էի, ոնց էին ոտներս խրվել, Այաքսը հո ամբողջովին թաղվել էր տղմի մեջ, միայն գլուխն էր, որ մնացել էր դուրս ցցված… Էլ երկար ու բարակ միտք անելու ժամանակը չէր, հարկավոր էր ձեռաց մի ճար մտածել։ Ծնկներս ամուր սեղմեցի ձիու կողքերին, ձախ ձեռով սանձը պահեցի, աջ ձեռս տարա, բռնեցի իմ մազերից, ձիգ տվի ու ցեխից դուրս հանեցի ինձ ու ձիուս միասին։

— Պա՜հ, պապի․ էդ ի՞նչ տեսակ մարդ է եղել քու ընկեր Մյունխհաուզենը…

— Հապա՜, մի հնարագետ, համարձակ ու վճռական մարդ։ Ինչպես տեսնում եք, նեղության մեջ գիտեր իրեն ազատելու ճարը գտնել։ Բայց մի մեծ շնորհք չի նեղության մեջ ճար անելը, երբ միջոցներ կան ձեռքիդ տակ. շնորհքը էն տեսակ դրությունից դուրս գալն է, երբ ձեռքիդ չկա ոչ մի միջոց… Դե հիմի դուք դենը տեսեք, ինչ է պատմում։

— Մի առավոտ ննջարանիս լուսամուտից նայում եմ, տեսնեմ՝ վայրի բադերի մի ամբողջ երամ լճի վրա պտտվում է։ Իսկույն շորերս հագա, հրացանս վերցրի, վազեցի։ Բայց շտապելուց ճակատս էնպես ուժով զարկեցի շեմքափետին, որ աչքերիցս կայծեր դուրս թռան։ Էլ ժամանակ չունեի վերքի մասին մտածելու, վազելով սկսեցի հետը ճակատս շփել, հետն էլ նշան դնել բադերին։ Դու մի, ասիլ, սաստիկ զարկվելուց հրացանիս կայծաքարը վեր է ընկել, ուրիշ բան էլ չկա, թե հրացանս արձակեմ… Ի՞նչ անեմ, ո՞նց անեմ։ Առաջս բադերը լողում են, հրացանը ձեռիս կանգնած եմ ու չեմ կարող արձակել։ Բայց մարդը, եթե մարդ է, ամենանեղ

153