Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես էս ընչի՞ համար եմ ասում, նրա համար եմ ասում, որ տեսնեք, թե էն դատարկ մեխն ի՞նչ է, տեղն ընկած տեղը է՛ն էլ կարող է պետք գալ։

Բայց ձեռքդ երբ որ իսկի մեխ էլ չկա, էն ժամանակ ի՞նչ պետք է անես, ա՛յ, սրա պատասխանը տուր։

Էս դեպքից մի քանի օր անց՝ գնդակս ու վառոդս վերջացրած՝ որսատեղից տուն եմ գալի։ Հանկարծ մի թփի տակից դուրս եկավ ու վրես հարձակվեց մի վայրի վարազ։ Իհարկե, շատ էլ ախորժելի բան չի էս տեսակ մի կատաղի գազանին հանդիպելը, մանավանդ, երբ հրացանդ էլ դատարկ է։ Էստեղ, ինչ թաքցնեմ, քաջությունս մի կողմը դրի ու վազեցի բարձրացա հենց առաջին պատահած ծառին։ Ծառն էլ դուրս եկավ մի ջահել ծառ։ Զոռով վրեն տեղավորվել եմ ու ոտներս բարձրացրել։ Վարազը հասավ, ամբողջ թափով որ ծառին զարկեց, ժանիքները ծառի էս կողմից մտան, էն կողմից դուրս եկան։ Էլ ժամանակ չտվի գազանն ուշքի գար, ներքև թռա, մի քար վեր կալա, ու ինչպես որ մեխի ծայրերը ետ են ծեծում, սրա՝ ծառի մյուս կողմից դուրս եկած ժանիքների ծայրերը ետ ծեծեցի, որ իսկի էլ չկարենա հանի։

Եկա տուն, հաց կերա, քնեցի, առավոտը վեր կացա, մարդիկ վերցրի հետս, սայլը լծեցի, հրացանս լցրի ու գնացի։ Գնացի հրացանը քաշեցի, ա՛ռ հա կտաս սրա ճակատի մեջտեղը։ Քերթեցինք, քաշեցինք, դուրս եկավ վաթսուն փութ ու, լավ չի միտս, քանի գրվանքա։

Բայց դեռ էս էլ ոչինչ։ Դուք շարունակությունը տեսեք։