Էս Նազարս մնում է դռանը։ Վախից լեղապատառ է լինում։ Ինչքան աղաչում—պաղատում է, որ կնիկը դուռը բաց անի, չի լինում, բաց չի անում։ Ճարը կտրած՝ գնում է մի պատի տակի կուչ է գալի, դողալով գիշերն անց է կացնում, մինչև լուսը բացվում է։ Նազարը խռոված, պատի տակին արևկող արած սպասում է, որ կնիկը գա, տուն տանի, ու միտք է անում։ Ամառվա շոգ օ՜ր՝ գազազած ճանճեր, ինքն էլ էնքան ալարկոտ, որ ալարում է քիթը սրբի— ճանճերը գալիս են սրա քիթ ու պռունգին վեր գալի, լցվում։ Որ շատ նեղացնում են, ձեռը տանում է, երեսին զարկում։ Որ երեսին զարկում է, ճանճերը ջարդվում են, առաջին վեր թափում։
— Վա՛հ, էս ինչ էր․․․— մնում է զարմացած։
Ուզում է համրի, թե մի զարկով քանիսն սպանեց, չի կարողանում։ Մտածում է, որ հազարից պակաս չի լինիլ։
— Վա՛հ,— ասում է,— ես էսպես տղամարդ եմ էլել ու մինչև էսօր չեմ իմացե՜լ․․․ Ես, որ մի զարկով կարող եմ հազար շունչ կենդանի ջարդել, էլ ի՞նչ եմ էս անպիտան կնկա կողքին վեր ընկել․․․։
Էստեղից վեր է կենում, ուղիղ գնում իրենց գյուղի տերտերի մոտ։
— Տե՛րտեր, օրհնյա ի տեր։
— Աստված օրհնի, որդի՛ս։
— Տե՛րտեր, բա չես ասիլ էսպես—էսպես բան։ Պատմում է իր քաջագործությունը ու հետն էլ հայտնում է, որ պետք է իր կնկանից կորչի, միայն խնդրում է՝ իր արածը տերտերը գրի, որ անհայտ չմնա, ամենքն էլ կարդան, իմանան։ Տերտերն էլ, կատակի համար, մի փալասի կտորի վրա գրում է․
Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։
Ու տալիս է իրեն։
Նազարս էս փալասի կտորը մի փետի ծերի ամրացնում է, մի ժանգոտած թրի կտոր կապում մեջքը, իրենց հարևանի իշին նստում ու գյուղից հեռանում։