Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ահա ես եկել եմ քո ետևից։ Եթե կուզես՝ եկ ամուսնացիր ինձ հետ ու հազար տարով բախտավոր ապրենք կապույտ ծովի հատակին, վիշապների ապարանքում։

Էստեղ թիակն առավ Ուրաշիման, մյուս թիակն առավ ծովի թագավորի աղջիկն, ու երկար թիավարում էին, մինչև հասան ծովի տակի վիշապների ապարանքը, ուր բնակվում էր ծովի աստվածը ու իշխում էր վիշապների, կրիաների ու ձկների վրա։

Ա՜խ, ի՜նչ լավ էր էնտեղ։ Պատերը մարջանից էին, ծառերի տերևները՝ զմրուխտից, պտուղները՝ հակինթից, ձկների թեփերը՝ արծաթից, վիշապների տըտները՝ մաքուր ոսկուց։ Ու էդ ամենը պատկանում էին Ուրաշիմային, որովհետև նա ծովի աստծու փեսան էր, չքնաղ Սեն—Նինիի ամուսինն էր։ Ու ապրում էին անհոգ, երջանիկ։ Միայն հայրենի երկրի ու հարազատների կարոտը մտել էր Ուրաշիմայի սիրտը և զորանում էր օրեցօր։

Անցավ երեք տարի։ Մի առավոտ էլ Ուրաշիման ասավ․

— Ես շատ եմ բախտավոր էստեղ, էս հրաշալի դրախտում, քեզ հետ, իմ աննման Սեն-Նինի, բայց սրտով ուզում եմ մեր տունը գնամ, տեսնեմ ոնց են իմ անօգնական, ծերացած հերն ու մերը, իմ քույրերն ու եղբայրները․․․ էլ ետ վերադառնամ քեզ մոտ։

— Ես թեև հակառակ եմ քո ցանկությանը, բայց չեմ կարող ուժով բռնել, երբ ուզում ես հեռանաս,— ասավ Սեն–Նինին։— Գնա՛, բայց հետդ վերցրու էս տուփը և զգույշ կաց, բաց չանես։ Եթե բաց անես, իմացիր, որ էլ երբե՜ք, երբե՜ք չես վերադառնալ ինձ մոտ։

Ու մի գեղեցիկ տուփ տվեց Ուրաշիմային։

Ուրաշիման խոստացավ բաց չանի, ինչ ուզում է լինի։ Ապա Սեն-Նինին մի քուն բերավ նրա վրա․ մին էլ աչքը բաց արավ՝ տեսավ իր հայրենիքի եզերքին։

Բայն ի՜նչ էր պատահել իր բացակայությանը։ Ո՞րտեղ էր իր հորական տունը։ Ո՞րտեղ էր իրենց գյուղը։ Ճիշտ է, սարերն իրենց տեղն էին, բայց նրանց անտառները չկային։ Հոսում էր և իրենց տան մոտի վտակը, սակայն էլ առաջվա նման կանայք լվացք չէին անում նրա մեջ։ Զարմանալի էր

264