Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոչ վազել կարողացավ, ոչ կանչել։ Հանկարծ մազերը ճերմակեցին ձյունի պես, երեսը կնճռոտեց, մեջքը կորացավ զառամ ծերունու մեջքի նման, շունչը կտրեց ու մեռած ընկավ ծովափին։

Խեղճ Ուրաշիմա․ չիմացավ, որ ջահելության գաղտնիքն էր ամփոփված կախարդական տուփի մեջ, որ տվել էր իրեն հավերժահարս գեղեցիկ Սեն-Նինին։ Թեթևամիտ անհամբերությունից բաց արավ ու կորցրեց։ Զրկվեց ջահել, երկար կյանքից ու երջանիկ ապրելու վայելքից։ Բայց նա սիրող, ազնիվ սիրտ ուներ ու գնաց իր սրտի ետևից։ Էդ է պատճառը, որ մինչև օրս էլ Ճապոնիայում չեն մոռացել Ուրաշիմային ու նրա խորհրդավոր պատմությունը։ Եվ շատ տեղերում պաշտում են նրան նրա համար, որ նույնիսկ աստվածների անհոգ աշխարհքում, Սեն-Նինիի սիրո մեջ էլ չմոռացավ իր հարազատներին ու իր աղքատ ծննդավայրը։