Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես լաց լինում, թագավորի որդի։

Գլուխը վեր է քաշում, տեսնում է՝ առաջը կանգնած ճերմակ շորերով մի գեղեցկուհի։

— Ա՛խ,— ասում է,— աննման աղջիկ, օգնիր ինձ, տեսնո՞ւմ ես՝ կինս, երեխաներս։

— Ես կարող եմ քեզ օգնել միայն-միայն մի պայմանով,— խոսում է գեղեցկուհին։

— Ինչ որ ասես՝ հոժար եմ։

— Լա՛վ, դե լսի՛ր։ Ես գիտեմ՝ ինչ է բերել քո գլուխը եղբայրդ, գիտեմ՝ ինչպես ես ընկել մարդակերի ճանկը, ոնց ես նրանից ազատվել ու ամուսնացել նրա աղջկա հետ, մի խոսքով՝ ամենը գիտեմ․․․ Բայց եթե ուզում ես ես քեզ օգնեմ, պետք է ներես եղբորդ․․․

— Եղբո՞րս․․․ Օ՜, երբեք։ Էս բոլորի պատճառը նա է․․․ Չեմ կարող, չեմ կարող նրան ներել․․․

— Չես կարո՞ղ․․․ Դեհ, մնաս բարյավ։

Խոժոռում է գեղեցկուհին ու շուռ է գալի, որ հեռանա։

— Կա՛ց, կանգնի՛ր, կներեմ,— կանչում է տղեն,– միայն թե՝ օգնիր։

— Դե լսի՛ր,— խոսում է ոգին։— Քո կինը արդեն մեռավ, երեխաներդ էլ ամենքը պիտի մեռնեն, որովհետև մարդու միս են կերել, բացի ամենափոքրը, ծծկերը։

Կախարդական մատանու ուժով ամեն գիշեր քեզ քնեցնում էր քո կինը, ու ինքը գնում մարդի որսի ու որսի մսից ուտեցնում էր և իր երեխաներին, ինչպես գիշակեր թռչունը կամ գազանը իր արած որսից ուտեցնում է իր ձագերին։ Միայն ծծկերն է, որ մարդի միս չի կերել, և միայն նա կապրի ու կթագավորի ապագայում, եթե միայն դու ներես եղբորդ։

— Ներում եմ,— ասում է թագավորի տղեն։

— Դե հիմի նայիր,— շարունակում, է հրաշալի կինը։ Մեկնում է ձեռքի կախարդական գավազանը, իրար ետևից թեթև զարկում է երեխաներին, ու իրար ետևից երեխաները դառնում են հյուսնի գործիքներ, թափվում են գետնին․ թակ, ունելիք, սղոց, դուր, իսկ ամենափոքրը, ծծկերը՝ շաղափ։

274