Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 Ահա նորից երկնքից իջավ խորհրդավոր զամբյուղը։ Մեծ քույրը դարձյալ դուրս մեկնվեց զամբյուղից ու սկսեց դիտել չորս կողմը, հարավ նայեց, հյուսիս նայեց, արևելք նայեց, արևմուտք նայեց, ներքև—գետնին նայեց։

— Էստեղ մարդ չկա,— ասավ,— արջամուկն էլ չեմ տեսնում, բայց դարձյալ պիտի զգույշ լինենք։

Եվ ահա դուրս եկան նրանք ամենքը, պար բռնեցին ու սկսեցին երգել ու զարկել փոքրիկ թմբուկները, որ օձի կաշվից էին շինած։ Էսպեսով հասան հենց մկան բնին, մեծ քույրը ձեռքը վեր բարձրացրեց, բոլորը միասին կանգ առան ու շունչները պահեցին։ Ապա թե ոտով գետնին զարկեց, ականջ դրեց ու ասավ․

— Էստեղ առաջվա նման խուլ չի հնչում։ Երևի էսօր օտար հյուր կա մկների մոտ։— Նորից գետինը դոփեց ու կանչեց․

— Դո՛ւրս եկեք, երևացե՛ք դուք, փոքրիկ դավաճաննե՛ր, թե չէ ձեր բունը կքանդենք։

Բայց մեր մուկը արդեն անցք էր փորել, որ դուրս էր գալիս ուղիղ հենց շրջանագծի մյուս կողմը։ Եվ մինչդեռ աղջիկները նրան շրջանի ներսն էին որոնում, նա իր ճուտերով արդեն փախչում էր շրջանից դուրս մարգերում։

Աղջիկները վազեցին ետևներից, որ սպանեն մկներին․ ամենքը վազեցին, բացի փոքրը, որ չէր կարող սպանել՝ ինչ ուզում էր լիներ։ Էս ժամանակ Բարձր փետրավորը դուրս եկավ մկան բնից, առավ իր մարդկային կերպարանքը, մոտեցավ աղջկանը, բռնեց նրա երկու ձեռքից ու ասավ․

— Արի գնանք մեր տունը, սիրո՛ւն աղջիկ, ու եղիր իմ կինը։ Էնտեղ պար կբռնես հնդիկ աղջիկների հետ, ես որս կանեմ, կբերեմ քեզ համար, մերս կեփի ու տունը կկառավարի, և դու մեզ մոտ ավելի երջանիկ կլինես, քան էնտեղ, երկնքում։

Աղջիկը կամավորվում էր։

Երկնային աղջիկները եկան հավաքվեցին, շրջապատեցին իրենց քրոջը, սկսեցին աղաչել, որ էնպես բան չանի, նորից իրենց հետ գնա վերև՝ երկինք, իրենց տունը, բայց նա նայեց, նայեց երիտասարդին ու ասավ․

297