Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳԵՂԵՑԿՈՒՀԻ ՎԱՍԻԼԻՍԱՆ

Լինում է, չի լինում՝ մի վաճառական։ Տասներկու տարվա պսակված է լինում, ունենում է միայն մի աղջիկ, անունը՝ Գեղեցկուհի Վասիլիսա։ Վասիլիսայի ութ տարին լրացած՝ մերը մեռնում է։ Մեռնելիս աղջկանը կանչում է, ասում է․

- Լսի՛ր, Վասիլի՛սա, միտդ պահիր ու կատարիր իմ վերջին խոսքը։ Ահա ես մեռնում եմ ու իմ մայրական օրհնության հետ էս տիկնիկն եմ թողնում քեզ։ Միշտ մոտդ ու հետդ կպահես էս տիկնիկը, ոչ ոքի ցույց չես տալ, իսկ մի ցավ կամ վիշտ ունեցած ժամանակդ կերակուր կտաս իրեն, կկերակրես ու խորհուրդ կհարցնես։ Կուտի ու քեզ կասի, թե ինչ ճար ու հնար անես քո ցավին։

Ասում է, աղջկանը համբուրում ու մեռնում։

Կնոջ մահից հետո, ինչպես սովորություն է, վաճառականը սուգ է պահում, հետո սկսում է մտածել, որ նորից ամուսնանա։ Ու ամուսնանում է մի այրի կնոջ հետ։ Էս այրին էլ ինքը հասակն առած կին է լինում, համարյա թե Վասիլիսային հասակակից էլ երկու աղջիկ է ունենում։

Վասիլիսան իրենց տեղի առաջին գեղեցկուհին է լինում։ Խորթ մերն ու իր աղջիկները նախանձում են նրա գեղեցկության վրա ու շատ բանի դնելով չարչարում են, որ աշխատանքից նիհարի, արևից ու քամուց սևանա։ Մի խոսքով օր չեն տալի։

Վասիլիսան էս ամենը տանում է անտրտունջ ու, ընդհակառակը, օրն օրի վրա լցվում, լավանում է․ այնինչ խորթ մերն ու իր աղջիկները իրենց ներսի չարությունից հալվում են, մաշվում ու նիհարում, թեև ամբողջ օրը ձեռները ծալած, աղջիկ-պարոնների նման տանը նստած են լինում։