Տասնուվեց տարեկան Վահանը գավառական ուսումնարանն ավարտելուց հետո իրանց գյուղում տավար էր արածեցնում։
Նա երբ վերջին՝ երկրորդ դասատունն էլ ավարտեց, վերադարձավ, հայրը հրճվանքով ու հպարտությամբ համբուրեց որդու ճակատը և թիկունքին խփելով՝ բացականչեց․ «Արևիդ մատաղ, արևի՛դ․ ախար ում տղեն ես, որ գլուխ չանես․․․ Հիմի Ներսեսական ուսումնարանը չէ որ, թեկուզ Պետրապոլ էլ կտանեմ քեզ․․․ Մի քիչ կացի հալա էս հունձը պրծնեմ, փորներս հացոտ ըլի․․․»։
Նեսո բիձեն կրկնում էր յուր խոսքը, որ տվել էր որդուն Ներսիսյան դպրոցը տանելու համար։ Բայց այդպես սրտանց նա քիչ էր հուզվել յուր կյանքում։ Նա մի րոպե հպարտացավ, և ուրախության արտասուքները եկան, լճացան ակնակապիճներում։ Այդ րոպեին սրտանց էր և նրա խոստումը։
Հոր ուրախությունից ու խոստմունքից Վահանը խոր զգացվեց, և այն գիտակցությունը, թե ինքն է այդ հուզմունքի պատճառը, մի քաղցր հուզմունք, որ շատ քիչ է ունեցել յուր հայրը, նրան ոգևորեց․ այդ ոգևորության մեջ ինքն էլ սրտումը մի լուռ խոստմունք արավ հորը․ «Ներսիսյան