Վահանն էլ անասունները հանդը չէր տանում, ոչ էլ տանն էր սրտով մի բան շինում․ հորն ու մորից խռով, գլուխը քաշում էր այս ու այն կողմը, հեռանում և շարունակ մտածում էր յուր քաղաք գնալու մասին։
Մի իրիկուն բոլորը հավաքված էին։ Իրիկնահացից հետո երեխաները քնեցին․ Վահանը ետ քաշվեց, թինկը տվեց մի կողմի պատի տակին, կիսամթության մեջ, մայրը ծխրտող նավթի ճրագի տակ կարկատան էր անում, իսկ փոքր քույրը քորում էր անկողնի վրա բերանքսիվայր պառկած հոր մեջքը։ Բոլորը լուռ էին։ Այս իրիկուն Նեսոն շատ բարկացած եկավ տուն։ Գեղամիջում ինչ-որ մի բանի համար թքել էին երեսին։
— Ա՛պի,— հանկարծ յուր տեղից կանչեց Վահանը։
― Ի՞նչ ա։
— Հալա ինձ մի կտրական պատասխան տուր,— քաղա՞ք ես տանելու, թե չէ։
— Քաղաք շինողի հերն էլ անիծած․ դու էլ իմ օրին չես մտիկ անում, կոծոծ ես դառել կպել յախիցս․ ինչո՞վ քեզ քաղաք տանեմ․ էստեղ մի քանի շահի չեմ գտնում, թե կոռի սելի փողը տամ, էսօր գեղամիջումը թուք ու խայտառակ արին, դու էլ մի կռնիցն ես մարդի հոգեհան դառել, թե ինձ տար քաղքումը պահի, որ ես ուսում առնեմ․․․
— Ա՛յ որդի, որ ունենանք կղարգենք էլի, չունենք, որ չենք ղարգում,— մեջ մտավ մայրը։
— Դարբին Արութինը ձեզանից շատ ունի՞,— մթնից լսվեց Վահանի ձայնը։
Հայրը շարունակում էր յուր ճառը։
— Թե դու խելոք, բան հասկացող տղա ես, ինչ որ ուսում տվի[1] էն էլ ա հերիք, տեսնում ես իմ հալը, ինձ քոմակ արա—էնքան մենակ դես-դեն եմ թռել մեջքիս թելը կտրել ա․ դու էլ քինթդ ցից ես արել, խռովել, ոչ տավարն ես գնում, ոչ տանն ես բան շինում— գիտեմ ոչ ընչիս վրա ես մենծ սրտանի․․․ Ունեմ ու քեզ խնայո՞ւմ եմ․․․
- ↑ [ընդով]