Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 — Բաս դարբին Արութնի չափ էլ չունես, որ նա իրան տղին քաղքումն ասում տվեց․․․

— Դե նա անում ա, ես անում չեմ, իմ քեփը խու չես,– վճռական կտրեց հայրը և հրամայեց աղջկանը, որ մի քիչ ղայիմ քորի մեջքը։

— Բաս խի՞ չէիր վաղ էթենց ասում։

— Վաղ չեմ ասել ու հիմի եմ ասում, արի անգաճս կտրի։

Աղջիկն սկսեց ծիծաղելն[1], մայրն էլ ծիծաղեց, աշխատելով հոր ու որդու սուր խոսակցությունը հանաքի փոխել․

— Վահան ջան, քու տեղակ ըլեմ, վեր կկենամ անգաճը կկտրեմ։

— Անգաճը կտրիլ չեմ, ամա ես գիտեմ ինչ կանեմ,— փնթփնթաց Վահանն ու լռեց։

— Ի՞նչ պտես անիլ․․․ պետք է փախչի՞ս։— Ա՛յ, մի ճամփա ձորովն ա գնում, մինը սարի տակովը, մինն էլ սարի գլխովը, որովը կուզես վեր կաց գնա․ ա՛յ, հլե էսենց,— պառկած տեղից վրա նստեց, մատը ճամփաների կողմը մեկնելով թվեց հայրն ու կրկին պառկեց։

— Դու էլ քանի՞ շաշ-շաշ խոսաս․ ճամփա գիտես՝ դու վեր կաց գնա, թե գնալը լավ ա,— բարկացավ կինը։

— Դու էլ էդտեղից քիչ խոսա շաշ-շաշ։

— Դու ես շաշը, որ գիտես ոչ ինչ ես խոսում։

— Նալլաթ չար սատանին,— մռմռում էր պառկած Նեսոն։

— Խոսքի ոչ լավն ես հասկանում, ոչ վատը, գլխիցդ դուս ես տալիս․․․ Մի երեխապատառ ա, էն էլ ուզում ես սրտակտրես․․․— Լացակնքած խոսում էր մայրը, արագ-արագ յուր կարկատանն անելով։

— Ա՛յ անզգամ, ձենդ քեզ արա, է՛,— մթնումը գլուխը բարձրացնելով, աչքերը չռեց Նեսոն, և մարդ ու կին սկսեցին կռվել։

— Լա՛վ, լա՛վ, հերիք ա,— ձայն տվեց Վահանը։

Այդ[2] ձայնը պարզ[3] հայտնում էր և՛ վիշտ, և՛ սպառնալիք։

  1. [իսկ]
  2. [ձայնի մեջ]
  3. [երևում]