Դարբին Արութինը Նեսոյի պատկից հարևանն էր։ Նա յուր որդի Գրիգորին[1] քաղաքը տարավ, Ներսիսյան դպրոցը տվեց, որքան ուժը պատեց այնքան պահեց որդուն քաղաքում, այնպես որ Գրիգորը[2] չքավորության պատճառով հինգերորդ դասատանից դուրս եկավ, մտավ մի գրասենյակ։ Երկու տարի էր, որ գործի վրա էր նա և յուր ծնողների համար էլ երբեմն թեյ ու շաքար կամ չիթ ու կտոր էր ուղարկում։
Մի առավոտ դարբին Արութնի տունը հանկարծ աղմուկ ընկավ։ Վա՜յ, գոռում էր դարբինը, գոռում էին կինը, երեխաները, բոլորը միասին մի սուգ ու շիվան բարձրացրին։
Մոտիկ հարևանները մի վայրկյան զարմացած ականջները սրել էին և կարծում էին, թե մեկի սիրտը գնացած կլինի։
— Վա՜յ, բալա ջան,— լսվեց դարբնի կնոջ ձայնը։
— Վա՜յ, Գիքորս մեռել ա,— հետևեց դարբինը։
Վա՜յ, Գիքորը մեռել ա քաղաքումը,— շշնջացին հարևաններն ու ներս թափեցին դարբնի տունը։ Ոմանք լալիս էին սգվորների հետ, ոմանք ծնկներին խփելով ցավակցում էին, ոմանք մխիթարում կամ հարցնում, թե ինչպես է եղել, կարելի է սուտ է․․․։
Բանից դուրս եկավ, որ մի ձու ծախող չարչի էր խաբար բերել քաղաքից․ բայց Գրիգորը չէր մեռել, ամուսնացել էր քաղաքում․ նրա համար էին սուգ անում ծնողները։
Իհարկե, հետո շատ ծիծաղեցին գյուղացիք, բայց քանի խոսացին, այնքան ավելի լուրջացրին խնդիրը, և բանը այնտեղ հասավ, որ մահից պակաս դժբախտություն չգտան Գրիգորի ամուսնությունը ծնողների համար։
Վա՛յ ծիծա՜ղ․․․ Այ տղա, էս ի՜նչ էր,— իրար ետևից բացականչելով ու ծիծաղելով դարբնի տանից դուրս եկան գյուղացիք, դռանը խմբվեցին։
— Տղե՛րք, էս ի՜նչ օյին էր։
— Ա՛յ տղա, ընչի եք ծիծաղում, մարդը ամակ ա արել, սև օրով տղա ա մենձացրել, ինքը քարի վրա քացախ ա կերել,