Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գյուղացիները մեզ հետ ավելի լավ կվարվին, քան այս աղաները, որոնք[1] իբրև թե քաղաքավարի են, բայց իսկի մարդավարություն չունեն։ Այն դաշտերն ու հողերը մեզ ավելի լավ ապրելու միջոց կտան, քան այս մաշող, չարատանջ պաշտոնները։ Վերջապես այն բնությունը, օդը,, ջուրը[2], որքան եք գնահատում թե մեր, և թե մեր երեխաների առողջության համար։ Իսկ երջանկությունը հաճախ կախված է մի աչքաթող արած առօրյա հանգամանքից։ Բայրոնն ասում է․ «Մեկն աշխատում է, փող է դիզում, մյուսը․․․[3] և վերջը նա է երջանիկ, ով որ հանգիստ է քնում»։

Մի լուրջ լռություն էր տիրել սենյակում։

— Ես մի երկու խոսք եմ ուզում ասել այդ մասին,— տեղիցը վեր կացավ Հովհաննեսը ու դարձավ ընկերներին։

— Սուրենը մի քանի բան ասաց, որ գուցե լավ են ոգևորության մեջ, բայց անիրագործելի են և սխալ։ Սխալվում են և այն լրագիրները, որոնք այդպես են մտածում և այդ գաղափարի անունով նախատում ու հանդիմանում են Թիֆլիսում նստած գավառացի ինտելիգենտներին։

Արդյոք դրանք հակառակ են, որ մենք գյուղերից ձգտում ենք դեպի քաղաք, դեպի քաղաքակրթություն և դեպի բոլոր այն բարիքները, որ ունի քաղաքային լուսավոր, կրթված կյանքը։— Ո՛չ․ հապա ի՞նչ են ասում[4]։

— Մի սահման են դնում՝ թե՝ այսքան սովորեցիր, այսքան զարգացար, այսքան կրթվեցիր, բավական է, այժմ գնա գյուղը, գործիր։— Առաջինը, ի՞նչ իրավունքով[5] մի սահման եք դնում իմ ձգտումներին[6], որոնք գնում են դեպի առաջ, դեպի ավելի «բարձր պայմաններ», և երկրորդ, ձեզ ո՞վ ասաց, թե մենք այստեղ չենք գործում։ Մի լրագիր անցյալ օրերը պախարակում, խայտառակում էր գավառացի երիտասարդներին, թե ի՞նչ եք շինում Թիֆլիսում[7], անգործ, անպետք, մինչդեռ նրանք գավառում գործ ունեն անելու։ Այնինչ այդ լրագիրը մի քանի ընտրությունների մեջ տարած

  1. [թեև]
  2. [որ անփոխարինելի և այնքան փրկարար են թե մեզ և թե մեր երեխաների համար, այնքան առողջարար են]
  3. Բնագրում բաց է թողնված
  4. [ուզում]
  5. [եք]
  6. [առաջ]
  7. [թող]