Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յուր կուսակցական հաղթանակը հռչակում էր[1] ընդհանուր–ազգային մեծ գործ, մեծ փոփոխություն, և այդ հաղթանակը տարել էր շնորհիվ միմիայն․․․ գավառացի երիտասարդների։ Այժմ էլ Սուրենն ասում է, որ մեզանից յուրաքանչյուրը մի ոչինչ է այս հասարակության մեջ, որ այս հասարակության կյանքի պայմանները մեր ույժերից ավելի բարձր են։ Բայց դուք այս հասարակությունից դուրս տարեք մեզ նման բոլոր ոչինչները և կտեսնեք, որ մի ահագին դատարկություն բացվեց, ու խանգարվեցին այս բարձր պայմանները։ Եվ ինչի՞ց է, որ բարձր են դարձել այդ պայմանները։ Չէ՞ որ եկվոր[2] տարրն է եղել, մեզ նման գավառացիներն են եղել, որ տարիներ առաջ գալով, մնալով այստեղ, տանջվելով, տառապելով, ինչպես այժմ մենք, ժամանակի ընթացքում դարձել են հաջող վաճառականներ, լավ արհեստավորներ, ուսուցիչներ, գրական գործիչներ և այլն, և այլն, և այդպիսով ստեղծել են[3] այսպիսի «բարձր պայմաններ»։

Մյուս կողմից մեր մեջ կան երիտասարդներ[4], որոնց քաղաքից դուրս տանելով[5] դուք, թերևս կատարում եք մի ոճիր, մի մեծ ապագա եք սպանում, մի տաղանդ դատապարտում ժանգի և կորստյան, ձուկը հանում եք ծովից և ձգում եք մի առու, օրինակ, մեր Զարդարյանին ասում եք, որ նա գյուղը գնա, դառնա չգիտեմ ինչ։ Այնինչ նա սկսել է շնորհալի վեպիկներ գրել։ Այժմ ինչպե՞ս կհրամայեք։ Գնա գյո՞ւղը, թե՞ մնա քաղաքում։ Իսկ իմ կարծիքով նա պետք է այնտեղ ապրի, այնտեղ կանգնի, որտեղ միանում են և որտեղից բաժանվում են բոլոր գավառների մտավոր հոսանքները, որտեղ կյանքը ավելի բարձր և ավելի լայն հորձանքներ ունի, որտեղ կարելի է մարդու ճաշակը կրթել, աշխարհայեցողությունը լայնացնել, գիտությունը[6] ճոխացնել— մի խոսքով, որտեղ կարելի Է մեծանալ։ Իսկ գավառը նրա համար միայն ուսումնասիրության և այցելությունների առարկա կարող է լինել և ոչ երբեք բնակավայր, <1 անընթ․>։ Այնտեղ նեղ է, մութն է, ցած է․․․

  1. [որպես]
  2. եկ[ա]վոր
  3. [կյանքի]
  4. [մարդիկ]
  5. [քշելով]
  6. [մեծացնել]