Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընկնում[1]։ Նա լսում էր ընկերների շտապ խոսքերը, երգերը, բաժակների շրխկշրխկոցը և[2] ուրախալի խառնաձայն աղաղակը՝ գնո՜ւմ ենք, գնո՜ւմ ենք։

[3]Մի անհանգիստ շարժում արավ ննջարանում պառկած Սուրենը և ճակատը շփեց։ Նրա միտքը թռավ դեպի մի ուրիշ կողմ։ Հաճելի տեսարաններով ու անցքերով լցվեց նրա բորբոքված երևակայությունը, իրար ետևից եկան խաղա՜ղ, ծաղկած, հարուստ գյուղեր, մշակված դաշտեր, ճոխ[4] անդաստաններ, բարի մարդիկ, կայտառ մանուկներ, անհոգ երգեր․․․

Հանկարծ ննջարանի դուռը ետ բացվեց, և ներս մտավ նրա երիտասարդ կինը։ Նա մոտեցավ, թեք ընկավ ամուսնու կրծքին և գորովալի ձայնով հարցրեց․

— Ինչո՞ւ ես տխուր, Սուրեն։

— Տխուր չեմ․ ինձ մենակ թող, Անիչկա։

— Չէ՛, տխուր ես։

— Դե՛, ասացի տխուր չեմ։

— Դե՛, ծիծաղիր։

— Է՜, է՜, գլուխս տանիլ մի՛․ ինձ մենակ թող։

— Ես էլ կտխրեմ, ա՛յ,— սպառնաց տիկինը։

— Տխրիր, ինչ կուզես արա, հեռացիր։

— Լաց կլինեմ, ա՛յ։

— Դե, գնա մյուս սենյակում լաց եղիր, ինձ հանգիստ[5] թող։

— Չէ՛, ծիծաղիր,— անդադար թախանձում էր կինը[6]՝ հոնքերը կիտելով և թընգթընգալով երեխայի նման։

Կնոջ այս անմեղ պահանջը և մանկական համառությունը ծիծաղեցրեց Սուրենին։

— Հա՜, հիմի լավն ես[7],— յուր հաղթանակով ուրախացած[8] տիկինը, քնքշալով[9] համբուրեց ամուսնու տաք ճակատը և մնաց կրծքին ընկած։

  1. Լուսանցքում գրված է․ «Ասում է մի քանի բնորոշ բառեր»
  2. [ականջներում թնդ<ում էր>
  3. [Այստեղ]
  4. [այգիներ]
  5. [մենակ]
  6. [սև]
  7. [շշնջաց]
  8. [ոգևորված]
  9. [գլուխը խոնարհեց]
445