Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 Երկուսն էլ լուռ էին։ Հանկարծ տիկինը գլուխն արագ բարձրացնելով[1], հարցրեց․

— Որ ես մեռնեմ, ի՞նչ կանես։

— Էլի հիմար-հիմար խոսեցիր։

— Չէ՛, ասա՛[2], լաց կլինե՞ս։

[3]Հա՛, դե պրծա՞նք։

— Շա՞տ,― նորից հարցրեց տիկինը, բայց իսկույն խոսքը փոխեց։

— Սուրե՛ն, այօր մեր լուսամուտի տակից մի տղա անցավ։ Նեղ շերտերով կապույտ պիջակ[4] ուներ հագին, բրյուկն էլ կապույտ, գլխարկն էլ․․․ Այնպե՜ս ճաշաակով[5], այնպես լա՜վ էր․․․ Դու էլ առ քեզ համար․ ի՜նչ է որ, ա՛ռ[6]։

— Ես քեզ ասել եմ այդ տեսակ դատարկ բաներ մի՛ խոսալ ինձ հետ։

— Չէ՜, ա՛ռ, ես ուզում եմ, ա՛ռ, հը, Սուրեն։

Այստեղ[7] մի ուրիշ բան հիշեց[8], խոսքը կրկին փոխեց[9] և աչքերը լայն-լայն բաց անելով, հարցրեց․

— Դու լսեցի՞ր, ի՛նչ է պատահել։

— Ի՞նչ է պատահել։

— Բաս չե՞ս լսել։

— Չէ <․․․>


Տիկինը խանդով պատմում էր անբախտ նանի գլխի անցքը, սակայն Սուրենը նրան չէր լսում։ Նա զբաղված էր մտքում։ Մի բան էր մտածում և խոր թափանցող հայացքով նայում էր կնոջ աչքերին, երեսին․․․

— Նո՞ր ես տեսնում ինձ,— հարցրեց տիկինը։

— Ես վատ եմ, Անիչկա,— սթափվելով պատասխանեց Սուրենը։

— Ինչո՞ւ։

— Այնպես, շատ վատ եմ,

— Ով գիտի, էլի խազեինդ բարկացել է վրադ։

  1. [բարձրացրեց]
  2. [կտխրես]
  3. [Սուրենը չուզենալով բանը երկարացնել, կարճ կտրեց]
  4. [պիդժակ]
  5. [լավ էր]
  6. [ես ուզում եմ]
  7. [դարձյալ]
  8. [և]
  9. [փոխելով]