– Էս մինն էլ Գալոյի բախտիցը։
Գալոն էլ էր անբախտ։
– Էս մինն էլ բաս․․․
Բայց էդ ժամանակ մոտիկ քարվանսարի դռանը աղմուկ բարձրացավ։ Մի պարսիկ կապիկ էր պար ածում երգելով.
|
Ժողովուրդը հավաքվել էր գլխին ու վազում էին չորս կողմից։ Գիքորն էլ վազեց։ Աշխատեց կանգնած ժողովրդի արանքը մտնի, առաջ անցնի, չկարողացավ։ Վիզը ձգեց, պճեղների վրա կանգնեց ու ճգնում էր անպատճառ տեսնի, թե ինչ է կատարվում մեջտեղը։
– Ի՞նչ ես ներս խցկվում, տո լածիրակ, գնա քու բանին,– ասավ մի կինտո ու զարկեց գլխին։
Գիքորը հանկարծ սթափվեց ու վազեց դեպի խանութը։
8
Իրիկունը Գիքորը կուչ էր եկել խոհանոցում։ Դեռ արտասուքը չէր ցամաքել նրա երեսին, դեռ այրվում էին խազեինի ապտակների տեղերը, դեռ նոր էր լռել աղջիկ պարոնի ձենը– շվշվացնելով ներս մտավ Վասոն, բազազի աշկերտը։ Գիքորին նկատելով նա իսկույն կանգ առավ ու, մասխարա դեմքին լրջություն տալով, սպառնալի հարցրեց.
– Կլուբումն ուշացա՞ր, տո արջի քոթոթ, թե՞ գուբերնատի մոտ վռազ գործ ունեիր․․․
Գիքորը գլուխը չէր բարձրացնում։
– Ասա մի տեսնեմ, է, տո՜․․․
Գիքորը լուռ էր։
– Չե՞ս իմանում, տո՛, որտե՞ղ էիր, է՛, որ էսօր ինձ քաղցած սպանեցիր, որ մեռնեի՝ հետո՞․․․
Էսպես խոսելով կամաց–կամաց մոտեցավ, մի քիչ կանգնեց ու հանկարծ զարկեց Գիքորի գլխին։ Գիքորը երկու ձեռքով