Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խնդիրը» ամեն լուսից ու բարուց զրկված ժողովուրդ, ահա քո փրկության անունը…։

Բայց ի՞նչ… խոսում են, խոստանում, խնդրում, աղաչում, պաղատում և վարժապետին տարեկան հարյուր մանեթից ավելի չեն կարող վճարել, ուժ չունեն։

Արդյոք այսպիսի տեղերում լավ չէ՞ր լինիլ բաց անել ուսումնարաններ էժանագին վարժապետներով, ուսումնատենչ գյուղացու երեխան գրաճանանչ անելու համար։

Վերջապես շատ է խավար, շատ է ուշադրությունից զրկված. այս ամենազուրկ, ամենաաչքից ընկած վիճակն է Թիֆլիսի թեմի, թեև տված արդյունքովն առաջնակարգ։

Ուսումնարանները պոչավոր աստղի նման այստեղ այնտեղ երևում են ու կորչում։ Հոգևոր իշխանությունը ուշադրություն չի դարձնում, իսկ ամբոխը ուսումնարան չի պահիլ․ դուք միք հավատալ նրա աղերսալի խնդիրներին, նա ինքնիրան զոհաբերություն չի անիլ իրան չհասկացած բաների համար։ Նա չար խաղեր կխաղա այդ յուր խնդրած ուսումնարանի գլխին, կքանդի յուր ձեռքով, և դուք կզարմանաք։

Այն գյուղացին, որ տարին մի քանի անգամ յուր երեխանց բերանից կտրում փեշքաշներ է տանում զանազան աղաների, պարտք է անում—կաշառքներ է տալիս, փորացավ է ընկնում, երբ հերթը գալիս է ուսուցչի ռոճկին։

Թող մեր գյուղական ուսուցիչներն ասեն։

Դ․ գյուղում ուսուցիչն ամբողջ տարին սրանից նրանից մուրացկանի նման ալյուր ուզելով էր ապրել․ ռոճիկը չէին տալիս գյուղացիք, երբ հ<այր> քննիչը այդ մասին բացատրություն ուզեց հոգաբարձուներից, վերջիններս իրանց զարմանքն էին հայտնում, որ տեր հայրն այդպիսի «պարապ բաների» ետևից է ընկնում, այդպիսի «սարսաղների» համար գլուխը ցավացնում։

Օ․ գյուղում ուսուցիչը արաղ էր խմացրել հոգաբարձվին, որ կարողանա ռոճիկն ստանալ։ Այս լսելով մյուս հոգաբարձուն էլ էր գնացել արաղ պահանջել վարժապետից. վարժապետը մերժել էր սրան, պ. հոգաբարձուն ծեծել էր հանդուգն ուսուցչին և ռոճկի հաշիվը վերջացել էր սրանով։