Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հալվում, հյուծվում է յուր ծածուկ ախտերի մեջ և հոգացող չկա նրա մասին։

Ապրում են կեղտոտ, ավելի կեղտոտ, քան իրանց անասունները․ մարդիկ կան, որ մկրտվելիս ավազանումն են լողացել, մեկ էլ մեռած ժամանակ պետք է լողացնեն․ նրանց մարմինը 50—70 տարվա ընթացքում երկու անգամ է ջուր տեսնում։

Հապա ինչպես չհիշենք արբեցողությունը, որ շարժողություն և մի տեսակ ճիվաղային կյանք է տալիս այս այլանդակ պատկերին, թեև սա հավասար չի տարածվում ամեն կողմ։

Այս բոլորից հետո ձեր առաջ կանգնում է վտիտ, կորաքամակ և ապուշ նոր սերունդը, մի խիստ, աչքի ընկնող կոնտրաստ—հակապատկեր ներկայացնելով յուր հայրենիքի հսկայական բնության հետ։

Մինչդեռ նույն գյուղերում մեզ պատահեցին հարյուր տարին անցկացրած առույգ ու վիթխարի հին մարդիկ։

Այս ժիր ծերունիների զվարթ զրույցները, սուր հիշողությունը, կտրուկ խելքն ու դատողությունը, գործի աշխույժն ու եռանդը բարձր աղաղակում են հին առածի մասին―«առողջ մարմնի մեջ առողջ հոգի»։

Ագ. գյուղում մեզ մոտ նստած զրույց էր անում մի հարյուր տարեկան ծերունի, երբ ներս մտավ նրա մեծ եղբայրը 105 տարեկան։ Փոքր եղբայրը վեր կացավ, տեղը տվեց մեծին, ինքը մնաց կանգնած մինչև մեծ եղբայրը հրավիրեց նստելու։ Մեզ հետ սկսեց խոսալ մեծ եղբայրը Պասկևիչից, Լիսանևիչից, Երևանու պատերազմից։

— Մենք իգհատցի ենք բնիկ,— պատմում էր ծերունին,— Զավրովանց ճորտն էինք։ Մի օր կալ կասելիս մեր աղեն եկավ, թե էս հադաղին եզնիքը բաց թողեք, բերեք իմ կալը կասեցեք։ Ողորմածիկ իմ բիձա Ջիլավն ասավ, կացի, էսա մեր կալն էլելա, պրծնեմ, ետնա բերեմ քունը կասեմ։ Նա թե հլե չէ, էս սհաթին ձեր կալը բաց թողեք, եկեք իմը կասեցեք։ Էստեղ հակառակությունն ընկավ, իմ բիձա Ջիլավը եղանով տվուց աղին կալումը վեր գցեց ու թվանքը վեր կալավ ձորերն ընկավ։ Մենք էլ վեր կացանք տանով տեղով եկանք։ Երմալովն