Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց ես ձեզ կասեմ. ով կուզի լինի [թող հարուստը լինի] հենց այն մարդը, որ շատ է սիրում գեղարվեստը և շատ է օգտվում նրանից, դա մի ազնիվ, լավ տեսակի մարդ է։ Դա սիրում է գեղարվեստը, որ հենց ձեր խոսքով ասենք՝ մարդկության մեծ դաստիարակն է։ Նա հետևում է այդ մեծ դաստիարակին է։ Ի՞նչ եք ուզում նրանից, ինչո՞ւ եք կռիվ հայտնում նրա դեմ, ի՞նչ եք ուզում խլել նրանից, և ինչպե՞ս կարող եք խլել։

Հեշտություննե՞ր կստեղծեք — նրա համար ավելի լավ։ Նա էլ ավելի հեշտ կօգտվի։

Եվ դուք լավ իմացեք, պ. Լեո, մի քանի բան կան աշխարհքում, որոնք դուրս են ամեն իշխանության սահմանից [և դրանով է], ամեն կուսակցության [ծրագրերից] քմահաճույքից, ամեն քննադատի պահանջներից ու «պետք է»-ներից և չեն ճանաչում ոչ մի արտոնություն [ու] կամ «առանձնահատկություն»։ [Ոչ ոք չի կարող։]

Օրինակ՝ [մահը] սերը, [ դրանց ] դրան նման և [գեղարվեստին ով կարող է ասել] գեղարվեստը։

Ի՜նչ արտոնություն, ի՜նչ «ընտրյալներ»։ [Ընտրյալ] Գեղարվեստի «վայելման մենաշնորհը» նա՛ ունի, ով ճաշակ ունի և ձգտում դեպի նրան։ Որ հայի ձեռքը բռնեցին և թույլ չտվին, որ առնի Շեքսպիր, Հեյնե կամ Գյոթե։ Ո՞վ գնաց թատրոն ու նրան դուրս արին։ Առնում ու կարդում են ա՛յն մարդիկ, որոնք սիրում են, գնում են ա՛յն մարդիկ, որոնք սիրում են։ Եվ նրանք այդ «ընտրյալները» որքան ագահ լինեն այստեղ, այնքան ավելի լավ։ Իսկ այն ագահները, որոնք, օրինակ, տիրում են հողին, նրանք որքան ագահ լինեն, այնքան ավելի վատ։ Դրանք ծայրահեղորեն տարբեր մարդիկ են, [ու երբեք չպետք է կանգնած լինեն [միևնույն տախտակի վրա և] մեղադրյալի նույն նստարանին — մինն իր վատության, մյուսն իր լավության համար] և ամոթ է երկուսի երեսին էլ միևնույն ֆրազները շպրտել։