Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչքան կամենաք, ինչպես կամենաք։ Ինչքան [էլ] խիստ լինեք [նրա] հեղինակի չափ խիստ լինել չեք կարող։

Ահա ձեզ օրինակ ձեր խ<ոնարհ> ծառան․ շատ ու շատ բան կա, որ ես չեմ էլ հավանում, իսկ դուք հավանում եք։

Ինչ ուզում եք անեք, չեք կարող նրա լավ գործը վատացնել, ոչ էլ վատը անմահացնել։[Ավելի շուտ դուք եք վտանգի մեջ մի սխալ, մի տխմար բան ասելու։] Վերջապես, ամեն քննադատությունից, թեկուզ շատ միջակ, միշտ գրողը կարող է մի օգուտ ունենալ՝ մի սխալ նկատել, մի մտքի վրա ընկնել կամ մի դրդում առնել և այլն։ [Տեսնում եք։] Միայն օգուտ, [ունի], իսկ վնաս՝ երբեք։ Դրանից մի՞թե կվշտանա դրական մարդը։

Քննադատությունը կատարում է ժամանակի գործը։ Ժամանակը [չէ որ] ջոկում է վատն ու լավը ու վատը մի կողմ թողնելով, դեն ձգելով, իր հետ տանում, [հետզհետե ավելի ու ավելի փայլեցնում] սիրում է ու պահում է լավը։ էսպես էլ լավ քննադատը։ [Ճիշտ է] Նա մոտենում է մի գրական–գեղարվեստական գործի ոչ թե նրա համար, որ ցույց տա, թե ինչ չկա նրա մեջը, այլ նրա համար, որ ցույց տա, թե ինչ կա։ Ոչ թե նրա համար, որ հայավարի հարվածի ու մտրակի, այլ որ պակասությունները նկատելով հանդերձ, վերջիվերջո [նրան] գտնի, հասկանա [և ուրիշներին էլ ցույց տա] թե ինչ է տալի նա դրական, գեղեցիկ, կենսունակ, ապրող։ Եվ շատ իմաստուն։ Պակասությունները չի, որ պետք են աշխարհքին ու թանկ, այլ առավելությունները, դրական, գեղեցիկ ապրելու ընդունակ գործը։ Եվ նա գնահատում է էդ տեսակ [գործը] երևույթը և սեր ու պատկառանք ունի դեպի նա, դեպի նրա հեղինակը, որ կոչված է ի ծննդենե, ինչպես և անողոք ու խիստ է դեպի անկոչների [ու խաչագողների] շահատակությունները։ Եվ երբեք չի կարող պատահել, որ նա էդ շնորհքով մարդկանցից թեկուզ ամենափոքրի ճակատին ցեխ շպրտի, որովհետև պարզ գիտի ու խորը զգում է, որ էնտեղ աստված դրել է իր մատը։ [Ու] էսպես էլ հսկում է նա մարդկային հանճարի ստեղծագործություններին, ժողովոլրդների հոգու գանձերին, պատկառոտ ու անողոք կանգնած