Երևանու կռվիցը ետ գալիս Դվալումն առաջը կտրեցինք, մի եզը մորթեցինք, որ աջողութենով կռվիցը պրծել ա, եդնա խնդրվեցինք, լաց ու շիվան արինք, թե մեզ ազատ արա ճորտութենից…
Այս խոսակցության ժամանակ հանկարծ փոքր եղբայրը մի բան հիշեց, մեծը բարկացած դարձավ 100 տարեկան փոքր եղբորը «երբ որ տեսնում ես քու մենձը խոսում ա — դու մեջ մի ընկնիլ…», 100 տարեկան փոքր եղբայրը խոնարհեց յուր ճերմակ միրուքն ու գլուխն և լռեց։
Այսպիսի ծերեր պատահում էին մեզ գրեթե ամեն գյուղում։ Սրանց ամեն մեկը ավանդությունների, առասպելների, հին զրույցների, ժողովրդական հավատալիքների մի շտեմարան, մի թանգարան է։
Այս պատմություններից, զրույցներից, սովորություններից շատերն եկած են հին դարերից, մեր հին նախնիքների կյանքն ու սովորություններն են, նրանց մտքի և հոգու ծնունդներն են։
Ահա թե որտեղ է հայոց գրականության աղբյուրը․ ահա թե որտեղից պետք է խմի հայոց բանաստեղծը, հայոց վիպասանը, հայոց գրողր, որ զորանա։
Բայց մեռնում են այս ծերունիները իրանց հետ տանելով իրանց գիտեցածը, իսկ սրանց որդիքը հոգսերով ծանրացած, բարոյապես այլանդակված, նոր բառեր են սովորում, հինը մոռանում, նոր պատմություններ են սովորում, նոր բարքեր, նոր կարգեր—մի բաբելոնյան խառնակություն։ Այս պատկերը կարելի է նմանեցնել մի հարսանիքի, ուր հարբած հանդիսականներն աղմկում են խառնիխուռն, և չեն լսում, թե ինչ է երգում երգիչը, որ շուտով պետք է լռի։
Ես ինչ խոսքեր, դարձվածներ, զրույցներ սրանից 10 տարի առաջ լսել եմ Լոռի, ինչ սովորություններ տեսել եմ, այժմ դժվար եմ տեսնում ու լսում, բոլորը նսեմացել, նոսրացել, անհետանում են։
Ժողովուրդը մի դրությունից անցնում է դեպի մյուսը ինքնագլուխ, առանց առաջնորդի և հսկողի, և այդ դրության մեջ շատ բաների հետ կորցնում է և մեր բանավոր գրականությունը։