Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատասխան տվինք4 պ. կրիտիկոսին և ընդհանուր մտքով և հատկապես էն կտորների համար, որ նշանակված են ամեն մեկիս անունով։ Էդ ցանկից իմ ստորագրությամբ հրատարակված են հետևյալ չորս [կտորները] հեքիաթները. «Ծիտը», «Չարի վերջը», «Մուկիկի մահն» ու «Չախչախ թագավորը» «Հասկերի» մեջ [կամ առանձին գրքույկով], ապա արտատպված են [«Լուսաբերի» մեջ] «Լուսաբերում» կամ [տպված են] առանձին գրքույկով։ Ուրեմն ես պետք է ցույց տայի, որ էս հեքիաթները ևս Հայկունու գրքից չեմ վերցրել, որ ես բանագող չեմ, շանտաժիստ չեմ, ավերիչ ժանտախտ չեմ, ինչպես անվանում է հայ ուսուցիչը, հայոց առաջադիմական թերթում։

[Արդյոք համաձայն եք] Լավ լսեցեք դատը, հ<այր> Պոտուրյան։

Եվ ահա ես, իմ պատասխանում, «Մշակ» №№ 169 և 170, բացատրեցի, թե ինչն է պատճառը հեքիաթների էդքան նմանության. հայտնեցի, որ Հայկունուց չեմ օգտվել, ցույց տվի, որ իմ իբրև թե «բառացի» վերցրած հեքիաթն ու նրանը մինչև անգամ տարբեր վարիանտներ են, հանեցի տարբերությունները և թե՝ բացի իմ գիտեցածը ես ինչ աղբյուրներ ունեմ ձեռքիս տակ, առաջ բերի մի երկու հեքիաթի վարիանտների ցանկը, մեկից 7, մյուսից 13 վարիանտներ, որ տպված են Հայկունու գրքից տասնյակ տարիներ առաջ,— ստուգելու բան, որ ամեն քննադատող կարող է տեսնել [հայտարարելով միաժամանակ, որ <2 անընթ.> ցույց կտամ, եթե կամենան] հայտարարեցի, որ մյուս երկուսն էլ ցույց կտամ երբ կամենան։

Էսպես է, թե՞ չէ, քննադատ ու հ<այր> Պոտուրյան։

Այո, իմ պատասխանը գրված էր զայրույթով ու կոշտ կամ, ինչպես դուք եք ասում, «հանդուգն». [բայց էդ մասին հետո. առայժմ [փաստեր բերեք] փաստերից խոսենք, որ տեսնենք՝ զայրույթը մի հիմք ունի թե չէ։]

Եվ դրա համար էլ շատ են վշտացել ու զարմացել ոմանք, «ջենտլմեն» հայեր, որոնցից մինը մինչև անգամ հոդված տպեց, բայց էդ մասին ներքև։

Ի՞նչ պատասխան ստացա իմ առաջ բերած փաստերին։