Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/564

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բանավոր ու գրավոր խոսքի առանձնահատկությունների ու նշանակության, մասին։ Որքան էլ «Հայոց գրական լեզվի խնդիրը» զեկուցման մեջ, որ կարդացել է 1916 թ. նոյեմբերի 25-ին, Հայ գրողների ընկերության հերթական նիստում, նա հայտարարում է, թե ինքը մասնագետ լեզվաբան չէ և իրեն հուզող խնդիրներն առաջարկում է «մեր ավելի կարող մարդկանց քննությանը», այնուամենայնիվ, դրանք առաջ է քաշում այնքան մասնագիտորեն, այնքան փաստալից և հստակ, որ զեկուցումը հմուտ լեզվաբանի ծրագրային ելույթի տպավորություն է թողնում։ Այստեղ նա քննում է «ինչպես բարբառների, էնպես էլ գրական լեզվի (ժամանակակից երկու գրական լեզուների- Խ.Գ․)՝ թե ստուգաբանությունը (էտիմոլոգիա), այսինքն բառի կազմությունն ու փոփոխությունը — խոնարհումն ու հոլովումը, հնչյունն ու շեշտը, և թե լեզվի շարադասությունը, համաձայնությունը (սինտաքսիս), այսինքն բառերի ու նախադասությունների հարաբերությունը..․»։

Այս զեկուցման մեջ, որի գլխավոր նպատակն է մեկ անգամ ևս ընդգծել լեզվի ժողովրդական ակունքների նշանակությունը՝ գրական լեզվի կազմավորման գործում, Թումանյանը նախ հստակորեն ձևակերպում է իր ելակետները, տալիս լեզվի, որպես մտածողության ու հաղորդակցության սիստեմի գրեթե սպառիչ գնահատականը. «Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության և հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին և հոգեբանությունը»։ Ապա անցնելով բուն թեմային և խոսելով լեզվի մաքրության, փոխառությունների, քերականության, ստուգաբանության, շարահյուսության, վերջապես՝ արևմտահայերեն և արևելահայերեն գրական լեզուների ծագման, բաղկացուցիչ մասերի, անցած ճանապարհի ու զարգացման հեռանկարների մասին, հատկապես շեշտելով ժողովրդական բարբառների հսկայական դերը, նա այնպիսի օրինակներ է բերում, այնպիսի զուգահեռներ է անցկացնում՝ նկատի ունենալով հայերենի և օտար լեզուների փոխազդեցությունները, որոնք զարմանք ու հիացմունք են առաջացնում նույնիսկ մասնագետների մեջ։ Սա մի կառուցի ուսմունք է, որից այնքան էլ հեռու չի գնացել ժամանակակից լեզվաբանությունը, և անկախ այն բանից, որ բանաստեղծը միայն հարևանցիորեն է անդրադառնում լեզվաբանության մի քանի այլ կողմերի, կարող է դրվել լեզվաբանական լուրջ հետազոտության հիմքում։

Թումանյանն իր զեկուցումն ավարտում է համոզված, որ «հայոց գրական լեզվի խնդիրը, զանազան շրջաններ անցնելուց հետո, վերջնականապես պիտի վճռվի ժողովրդական լեզվի կատարյալ հաղթանակով, ժողովրդական լեզվի հաղթանակը պիտի պսակվի ազգային ուժեղ գրականությամբ, իսկ ազգային ուժեղ գրականություն կնշանակի՝ ինքնուրույն ու հզոր ժողովուրդ»։

Արվեստի պատմությունն ու տեսությունն ուսումնասիրողները չեն կարող չանդրադառնալ Թումանյանի հոդվածներին՝ նվիրված հայ երաժտությանը,