Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/573

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասին հայտնված աննպաստ կարծիքների, թշնամական ելույթների, գործով ու խոսքով աշխատում է խաղաղություն հաստատել հայ և հարևան ժողովուրդների միջև։

Վերջին շրջանի հրապարակախոսական ելույթներից հատուկ ուշադրության են արժանի «աշխարհի ամեն կողմ ցրված» հայությանը հասցեագրված ՀՕԿ-ի կոչը՝ գրված 1921 թ. սեպտեմբերին, և «Սովից վատթարը» (1921)։ Առաջինում նա ավետում է «ազատ և անկախ Հայաստանի» ծնունդը, այն, որ «խաղաղություն գտնելով գործի է անցել ինքը՝ մեծ տառապյալը, Հայաստանի իսկական տերը»՝ հայ ժողովուրդը, որ հարևան ժողովուրդների հետ ձեռք ձեռքի վերաշինում է իր ավերված երկիրը։ Ապա կոչ է անում, չնայած կուսակցական տարաձայնություններին, միահամուռ օգնություն ցույց տալ Խորհրդային Հայաստանի ազատագրված ժողովրդին։

Այս նշանավոր փաստաթուղթը տրամաբանական ընդհանրացումն է այն գաղափարների, որով հանդես էր եկել մեծ բանաստեղծն իր ամբողջ կյանքում ։

Նույն հումանիստական գաղափարների խտացումն է նաև «Սովից վատթարը»՝ ուղղված ընդդեմ Խորհրդային Ռուսաստանի մի քանի շրջաններում մոլեգնող սովի առիթով արտասահմանյան հետադիմական մամուլի չարախինդ հաղորդագրությունների ու հոդվածների։ «Աովը,— կարդում ենք այս զարմանալի տարողունակ հոդվածում,— վերջիվերջո մի բան է ասում մեզ, թե էս ինչ տեղը էս տարի չորացել է երկիրը, հողը, երաշտ է, որից կարող ենք ազատվել մոտ առաջիկայում, բայց տասնյակ, տասնյակ միլիոնավոր աշխատավորների, հողագործների էս ծով աղետի հանդեպ էդքան ցինիկ ուրախանալը՝ ավելի զարհուրելի մի բան է ասում,— թե մարդկային սիրտն է չորացել ու չարացել և դրանից ազատվելը էնպես հեշտ բան չի, ինչպես սովից ազատվելը։ Դա սովից վատթար է»։

Այս իմաստուն միտքն ասված է բոլոր ժամանակների համար։ Թումանյանն այն ձևակերպել էր դեռևս դրանից հինգ տարի առաջ՝ 1916-ին գրվածք «Դժոխքի հանդեպ» բանաստեղծության մեջ, որտեղ նկարագրելով հայոց ցեղասպանության զարհուրելի պատկերները, պահանջում էր, «որ մարդն ամաչի գիլից ու շանից, որ մարդ է ծնվել մարդու նմանից»։

Իր բանաստեղծության գանձարանը Թումանյանը փակեց խոհափիլիսոփայական հանճարեղ քառյակներով, «Սիրիուսի հրաժեշտը» և «Արուսյակ» բանաստեղծություններով, որոնց շարժիչ ուժը կյանքի հավերժության գաղափարն է։

Հայաստանի օգնության կոմիտեի կոչով, որն այդ տարիներին հայերիս համար ամենակարևոր փաստաթղթերից մեկն էր, և «Սովից վատթարը» հոդվածով, նա եզրափակեց իր քննադատական-հրապարակախոսական ժառանգությունը, որն իր տեսակի մեջ լիովին Թումանյանական է, իր կարևոր տեղն ունի հայ դասական հրապարակախոսության մեջ և կաշառում է բարձր իդեալներով ու գաղափարներով։