Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/582

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Թարգմանություն

Թիֆլիսի Գավառ, հուլիսի 25

(«Նովոյե օբոզրենիայի» թղթակցությունը)

Վերջերս Թիֆլիսի լրագրերում հանդիպում են զանազան, երբեմն իրարամերժ, լուրեր Գորու, Թիֆլիսի և Բորչալվի գավառներում հայտնված ավազակախմբերի մասին։ Ինձ հաջողվեց հավաքել այդ ավազակախմբերին վերաբերող որոշ հավաստի տեղեկություններ, որոնց մասին շտապում եմ հաղորդել «Նովոյե օբոզրենիայի» ընթերցողներին։

Հիշատակված վայրերում մինչև այժմ էլ կան մի քանի ավազակախմբեր։ Դրանցից առաջինի գլուխ կանգնած են Ալայ-բեկ Մուրսակուլովը և Բորչալվի գավառի նախկին կալվածատեր, փախած տաժանակիր, միլիցիայի երբեմնի պրապորշչիկ Աստան-աղա Կասումովը։ Ավազակախմբի անդամներն են Հաջի Խալիլ-աղա Բայրամովը, Մուստաֆա Կարաչի-օղլին և Ալեքսանդրապոլի գավառի բնակիչներ, փախած տաժանակիրներ Համիդն ու Թամիրը։ Հունիսի առաջին օրերին այդ ավազակախումբը բաժանվել է երկու մասի։ Ալայ-բեկ Մուրսակուլովը վերջին 2 ավազակների հետ, անհայտացել է։

Հուլիսի 11-ի գիշերը տեղում մնացած Աստան-աղայի ավազակախումբը, ընդամենը 3 մարդ, հարձակվել է Թիֆլիսի գավառի Վաշլովանիի գյուղացի Գավրիլ Խադուրի պանդոկի վրա և կողոպտել 50 ռուբ. փող, 10 ռուբ. արժողությամբ մի ժամացույց, մի թամբած ձի և 200 ռուբ. ընդհանուր արժողությամբ զանազան իրեր։ Ավազակախումբը կողոպտել է նաև թիֆլիսցի նպարավաճառ Լոմիձեին (որն այդ պահին եղել է պանդոկում), նրանից վերցնելով 60 ռուբ.։ Բացի դրանից ավազակները քշել-տարել են Ելիզավետպոլի գերմանական գաղութի մի բնակչի երկու ձին։ Նույն գիշեր նրանք մտել են Բորչալվի գավառ։ Ճանապարհին բաց են թողել գերմանացու անպետք ձիերը՝ փոխարենը խլելով Նազրլո-Ուրբանա գյուղի բնակիչներ Ալի Մեմեդ Վակի-օղլոլ և Քերիմ Բուզա-օղլու երկու ձիերը։ Այնուհետև Կըզըլաջլո գյուղում (որտեղ գտնվում է Ալայ-բեկ Մուրսակուլովի կալվածքը) նրանք սպանել են Շարոպանի գավառի բնակիչ մի իմերեթցու և անհետացել։ Թիֆլիսի ոստիկանական քաղաքամասի պրիստավ Գուգուշվիլին, իր մոտ կանչելով խոպերյան գնդի կազակներին և դուրնակյան միության ավագ Միխ. Խաչատուրովին՝ զինված գյուղացիներով, և ավագին տալով հարկավոր հրահանգ, այդ օրն իսկ կազակների հետ ընկել է ավազակների հետևից և երեկոյան դեմ Խրամ գետից այն կողմ, Բորչալվի գավառի սահմանագլխին հասել նրանց՝ խիտ անտառի եզրին։ Տեղի է ունեցել տաք փոխհրաձգություն, բայց մթության պատճառով ավազակները հասցրել են թաքնվել՝ ընդ որում նրանցից ետ են խլվել բոլոր երեք ձիերը և Վաշլովանցի պանդոկապետի բոլոր իրերը։